Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը այսօր կրկին վարչապետ է ընտրում


Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում ԱԺ նիստում, 1-ը մայիսի, 2018թ․
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում ԱԺ նիստում, 1-ը մայիսի, 2018թ․

Հայաստանի վարչապետի ընտրության հարցը կքննարկվի այսօր ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: Այդ մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը:

Հիշեցնենք, վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մայիսի 1-ին Ազգային ժողովում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

Համաձայն Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ կետի՝ «Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»:

Մայիսի 3-ին 41 պատգամավորի ստորագրությամբ Նիկոլ Փաշինյանը կրկին առաջադրվեց վարչապետի թեկնածու։ Միակ թեկնածուին սատարում են Ազգային ժողովի ՀՅ Դաշնակցություն, «Ելք», «Ծառուկյան» դաշինք խմբակցությունները, խորհրդարանական մեծամասնությունը՝ Հանրապետական խմբակցությունը ևս վստահեցնում է, որ օժանդակելու է Փաշինյանի ընտրությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG