Եվրամիության առաջատար պետությունները անում են հնարավորը՝ Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագիրը փրկելու ուղղությամբ: Այս մասին այսօր Բեռլինում հայտարարել են Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները:
«Շաբաթներ շարունակ մենք Մեծ Բրիտանիայի հետ միասին անում ենք ամեն ինչ միջուկային համաձայնագիր ուժի մեջ թողնելու համար: Մենք այդ հարցը ներկայացրել ենք նաև Եվրամիության կառույցներում և մեր ամերիկացի գործընկերներին ներկայացրել ենք բավական ուշագրավ առաջարկների մի փաթեթ: Մեր շարունակում ենք պնդել, որ Իրանի հետ կնքված այս համաձայնագիրը աշխարհն ավելի անվտանգ է դարձնում», - իր ֆրանսիացի պաշտոնակից Ժան Իվ Լե Դրիանի հետ բանակցությունների ավարտին այսօր հայտարարում էր Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հեյկո Մաասը: