Մատչելիության հղումներ

Բուհերի ուսխորհուրդներում տարակարծիք են անդամների կուսակցական լինելու հարցում


Բուհերի ապակուսակցականացման խնդիրը ուսանողական համայնքը բարձրաձայնեց բողոքի վերջին ակցիայի ժամանակ։

Հայաստանի ամենախոշոր բուհերից մեկի՝ Երևանի պոլիտեխնիկական համալսարանի ուսխորհրդի նախագահ, Հանրապետականի անդամ Գևորգ Հարությունյանը չի պատրաստվում հեռանալ կուսակցությունից։

Հարությունյանը, ով 2017-ի սեպտեմբերից զբաղեցնում է այս պաշտոնը, ասում է՝ նախագահի ՀՀԿ-ական լինելու փաստը դեռ չի նշանակում, որ ուսխորհուրդը քաղաքականացված կառույց է։

Նա պնդում է, որ օգտվել է իր սահմանադրական իրավունքից և դարձել իշխող կուսակցության անդամ․ - «Բացարձակ կուսակցությունը կապ չունի ուսանողական խորհրդի հետ․․․ Եթե անհատները, ովքեր ընդգրկված են այդ խորհուրդներում, և փորձը ցույց է տալիս ու էդ մարդկանց գործունեությունը ցույց է տալիս, որ բացարձակ կապ չունի, չի կապում էդ օղակը, որ նրանք կուսակցական են, իրենց գործունեությունը չի խաթարում, չի խանգարում․․․ այդ իմաստով, կարծում եմ, դա մի քիչ հարաբերական ասված է»:

Բուհերի ապակուսակցականացման խնդիրը ուսանողական համայնքը բարձրաձայնեց բողոքի վերջին ակցիայի ժամանակ։ Ուսանողները հայտարարեցին, որ ազատ մտքի հետապնդումը համալսարաններում պետք է դադարի, ուսխորհուրդը չպետք է սպասարկի ռեկտորատի շահերը։

«Ապակուսակցականացնենք բուհերը» նախաձեռնությամբ հանդես եկած ուսանողների պահանջների մասին տեղեկացրեցինք Պոլիտեխնիկական համալսարանի ուսխորհրդի նախագահին։ Հարցին, թե արդյոք պատրաստ է նստել քննարկման և հրաժարվել Հանրապետականի անդամատոմսից, Հարությունյանը արձագանքեց․ - «Պահանջելով՝ պետք է նաև ասել, թե ինչու: Եթե այդ ինչու հարցը լինի շատ օբյեկտիվորեն, ու ինձ ներկայացնեն մի շարք փաստեր, որ, այո, այ սրա համար, այդ ժամանակ ես հնարավոր է մտածեմ»:

Կուսակցական պատկանելությունից ազատվելու առաջին քայլն արեց Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսխորհուրդը։ Այդտեղ միակ հանրապետականը ուսխորհրդի նախագահն էր։ Մոտ 3 ամիս առաջ ՀՀԿ անդամատոմսը ստացած Միլեն Բալդրյանը այն վայր դրեց ապրիլի 25-ին։

Թատերականի ուսխորհրդի նախագահը չի թաքցնում, որ իր որոշման վրա ազդել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած պայքարն ու դրանում ուսանողների ակտիվ դերակատարումը․ - «Երբ ես կուսակցությունում էի, ես հասկանում էի, որ իմ արվեստագետ լինելու փաստից ելնելով, ես կարող եմ շատ դեպքերում հակասել իմ կարծիքներին: Ու այս պարագայում ես ճիշտ գտա, որ դուրս գամ կուսակցությունից»:

Նա կարծում է, որ ճիշտ կլինի, որ մյուսները հետևեն իր օրինակին՝ փաստարկելով․ - «Ուսանողները պետք է ազատ լինեն և պետք է հնարավորություն ունենան իրենց տեսակետը բոլոր դեպքերում հայտնելու, իսկ կուսակցական լինելը շատ դեպքերում իրենց կարծիքը կաշկանդող վիճակ է»:

Թատերականի օրինակին հետևել, սակայն, չեն պատրաստվում նաև Երևանի տնտեսագիտական համալսարանում։ Այստեղ նույնպես ուսխորհրդի նախագահը Հանրապետական է, իսկ անդամները՝ բազմակուսակցական։

Ուսխորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանի խոսքով, այս կամ այն քաղաքական ուժին փաստաթղթային անդամակցությունից հրաժարվելը չի լուծում ուսանողների հիմնական մտահոգությունները։ Ըստ նրա, իրենք բուհում սպասարկում են ուսանողության, ոչ թե կուսակցության շահերը․ - «2011 թվականից Հանրապետական կուսակցության անդամ եմ և շարունակելու եմ լինել Հանրապետական կուսակցության անդամ: Եվ իմ խորին համոզմամբ՝ անկախ նրանից, թե որ կուսակցությանն ես պատկանում դու, դու չպետք է քո կուսակցական գաղափարները ու քո կուսակցական շահերը մտցնես այն ոլորտ, որի հետ կապ չունի կուսակցությունը»:

Հարցին, թե արդյոք դուրս կգա կուսակցությունից ուսանողների շարժման պահանջով, Հարությունյանն արձագանքեց․ - «Ես դեմ եմ այն փաստին, որ կարելի է ինչ-որ մեկից պահանջել, որ նա հրաժարվի իր կուսակցական պատկանելությունից, որովհետև դա մեր բոլորի իրավունքն է»:

Մեկ այլ խոշոր բուհում՝ Երևանի մանկավարժական համալսարանում ևս չեն մտածել, որ պետք է հրաժարվեն կուսակցական անդամատոմսերից։ Ուսխորհրդի նախագահ, Հանրապետական Ներսիկ Մարգարյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, թե կուսակցական լինելու փաստը չի ազդում ուսխորհրդի գործունեության վրա, քանի որ այն ապաքաղաքական կառույց է․ - «Կապ չունի՝ այսօր Հանրապետականը կլինի իշխանություն թե ընդդիմություն: Դա իմ տեսակետն է: Ես այս պահին այդ քաղաքական ուժն եմ ներկայացնում, և ես չեմ պատրաստվում հրաժարական տալ»:

Ըստ Մանկավարժական համալասարանի ուսխորհրդի նախագահի, բուհերի ապակուսակցականացման դեմ շարժում սկսած ուսանողական համայնքը նման պահանջ կարող է առաջ քաշել միայն օրենսդրական դաշտում։

Նկատենք, որ այս տեսանկյունից այժմ առանձնանում է մայր բուհը՝ Երևանի պետական համալսարանը, որի ուսխորհրդի կանոնադրությունը արգելում է ուսխորհրդի ղեկավարին կուսակցական պատկանելություն ունենալ։ Սակայն այստեղ բուհի ռեկտորն է Հանրապետական, իսկ Պետհամալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը նախկին ՀՀ նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG