Մատչելիության հղումներ

«Մենք լինելու ենք ընդդիմություն». Վահրամ Բաղդասարյան


Հանրապետական խմբակցությունը լինելու է ընդդիմություն, այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Ի տարբերություն նախորդ ընդդիմադիրների, ըստ Բաղդասարյանի, իրենք որպես ընդդիմություն պատրաստ են տեսնել և գնահատել դրականը, իսկ բացասականի դեպքում՝ քննադատել և իշխող ուժին հրավիրել բանակցային սեղանի շուրջ։

«Ազատություն». - Երբ որ դուք վաղը Նիկոլ Փաշինյանին ընտրեք վարչապետ, իշխող Հանրապետականը դառնում է ընդդիմություն։ Դուք պատրա՞ստ եք, Ձեզ անձնապես տեսնո՞ւմ եք ընդդիմադիրի դերում։

Վահրամ Բաղդասարյան. - Քաղաքականության մեջ մտնողը, անգամ, եթե որոշել է, որ իր ամբողջ կյանքի ընթացքում պետք է լինի իշխանություն, ուրեմն նա չի մտել քաղաքականության մեջ, նա պարզապես մտել է իր հետաքրքրությունների համար։ Բնականաբար, պատրաստ ենք և որևէ մեկը երաշխավորված չէ, թե երբ կլինի իշխանություն և երբ՝ ընդդիմություն։ Եվ եթե մենք մեր քաղաքական դիրքորոշումը և մտավախությունները պահպանելով գնում ենք այդ ճանապարհով, ապա մենք պատրաստ ենք նաև ընդդիմություն լինելու։ Բայց որևէ մեկ անգամ մենք չենք խանգարելու մեր երկրի, մեր պետության հեռանկարային շահերին, մեր երկրի անվտանգության հետ կապված խնդիրներին, և, բնականաբար, դա միշտ միասնական նաև գործառույթ է ունեցել նաև նախորդ տարիների ընթացքում։ Ի տարբերություն մեր նախորդ ընդդիմադիրների, մենք պատրաստ ենք դրականը տեսնելու և գնահատելու, իսկ բացասականին քննադատելու և հրավիրելու բանակցային սեղանի շուրջ։ Մենք պատրաստ ենք։

«Ազատություն». - Այսինքն հստակ է՝ ունենալով մեծամասնություն, դուք դառնում եք ընդդիմություն, պարոն Բաղդասարյան։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը կստանա իրական իշխանությունը, նրան են ենթարկվելու ուժային կառույցները։ Անգամ Ձեր խմբակցության անդամները չեն բացառում, որ հնարավոր է այդ դեպքում ՀՀԿ խմբակցությունից բազմաթիվ պատգամավորներ դուրս գան, և դուք արդյունքում փոքրամասնության խմբակցություն դառնաք խորհրդարանում։ Այսպիսի սցենար Դուք հնարավոր համարո՞ւմ եք։

Վահրամ Բաղդասարյան. - Նորից Դուք ընկնում եք երազանքների գիրկը, կամ ենթադրությունների գիրկը։ Նախ՝ որևէ ուժային կառույց, որևէ մեկի սեփականությունը չէ, առավել ևս սիրո, համերաշխության կոչ անողներինը, այդ ուժային իշխանությունները ժողովրդինն են, հաջորդը՝ այդ մտավախությունը դեռ դուք ունեիք՝ և՛ լրագրողներդ, և՛ մեր ընդդիմադիր գործիչները, որ մինչև մայիսի 1-ը առնետավազք պետք է սկսվի, ՀՀԿ-ն պետք է քայքայվի։ Դուք դրա ականատեսը եղաք ամսի 1-ին։ Եթե կլինի այդպիսի իրավիճակ, ես էլ Ձեզ նման ընկնեմ ենթադրությունների գիրկը, կարևոր չի, թե քանի հոգի կլինի խմբակցությունում, կարևորը, որ քաղաքական դիրքորոշման մեջ փոփոխություն չլինի, դա ես Ձեզ հավաստիացնում եմ, որ նման փոփոխություն չի լինի, իսկ մնացածը ցույց կտան զարգացումները և ապագան։

«Ազատություն». - Ճի՞շտ են տեղեկություններն այն մասին, որ վաղը Նիկոլ Փաշինյանի օգտին իշխող Հանրապետական խմբակցությունից քվեարկելու են օլիգարխ պատգամավորները, իսկ քաղաքական այն թիմը, որը սուր ելույթներ է ունեցել Փաշինյանի դեմ, պահպանելու է դեմքը և դեմ է քվեարկելու։

Վահրամ Բաղդասարյան. - Մենք այսօր կունենանք գործադիր մարմնի նիստ, որից հետո խմբակցության նիստ, համենայն դեպս այդ բոլոր քվեարկությունները կլինեն քաղաքական որոշման արդյունքում։ Դա մենք ենք որոշելու և համոզված եղեք, որ մեր որոշումներից շեղումներ չեն լինելու։

«Ազատություն». - Ասացիք, որ իշխող Հանրապետական խմբակցությունն ընդդիմություն է լինելու ամսի 8-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը նաև ձեր մասնակցությամբ ընտրվի վարչապետ, արդեն պատկերացնո՞ւմ եք՝ որպես ընդդիմություն որոնք են լինելու ձեր քայլերն ու գործողությունները։

Վահրամ Բաղդասարյան. - Եթե լինի կառավարության ծրագիրը, այդ ծրագրի հիման վրա մենք մեր քայլերն արդեն կկարգավորենք և մենք դրա մասին կհաղորդենք, չկա ծրագիր։ Կարող է նույն ծրագիրն է բերում, ինչ-որ Հանրապետականի ծրագիրն է, մենք ի՞նչ կարող ենք անել այդտեղ։

«Ազատություն». - Դուք լինելու եք արմատական ընդդիմությո՞ւն, թե՞՝ կառուցողական ընդդիմություն։

Վահրամ Բաղդասարյան. - Եթե լինի Հանրապետականի նույն ծրագիրը, բնականաբար, կլինենք կառուցողական։ Երբ որ ծրագիրը գա, դա կքննարկենք, Ձեզ շատ արագ տեղյակ կպահենք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG