Արտահերթ ընտրությունները չեն բխում հանրապետականների շահերից, այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
«Ազատություն». - Վաղը կարևորագույն օր է՝ կամ կունենանք, կամ չենք ունենա վարչապետ։ Քանի որ կասկածները, չնայած հանրապետականների վստահեցումներին, հանրության շրջանում դեռևս մնում են, Դուք կարո՞ղ եք վստահեցնել, որ իսկապես առանց որևէ խնդրի Նիկոլ Փաշինյանը վաղը կընտրվի վարչապետ և այս իրավիճակը հանգուցալուծելու հնարավորություն կլինի։
Ռուստամյան. - Ես կարող եմ վստահեցնել միայն մեր կողմից, որ մենք, բնականաբար, ներկա կգտնվենք, քանի որ նաև առաջադրումների մեջ ենք՝ Դաշնակցությունը Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրող կուսակցություն է, և մենք անպայման մեր մասնակցությունը բերելու ենք, ես սա հստակ կարող եմ ասել։ Բայց քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի։ Չնայած, ես կարծում եմ, որ արդեն երկրորդ անգամ էլ հայտարարեն մի բան և բոլորովին այլ բան անեն, սա արդեն քաղաքական ուժի համար է շատ վտանգավոր՝ իր հետագան ընդհանրապես պատկերացնելու և հեռանկարն ունենալու առումով։ Որովհետև այլընտրանքն ինչ է՝ եթե չի ընտրվում վարչապետ, տեղի են ունենում նոր ընտրություններ՝ արտահերթ, և ես չեմ կարծում, որ սա բխում է հենց նույն Հանրապետականի շահերից, որովհետև այս ընթացքում, երբ կատարվի նաև երկրորդ անգամ հայտարարությանը հակառակ քայլ, Հանրապետականն ի՞նչ քաղաքական ռեսուրսով պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին։ Կարծում եմ, որ միակ ճիշտ լուծումը կլինի, որ վաղը տեղի ունենա վարչապետի ընտրություն և վարչապետ ընտրվի Նիկոլ Փաշինյանը։ Կարծում եմ, որ սա կլինի միակ ճիշտ լուծումը վաղվա համար։ Եվ դրանից հետո կսկսվի արդեն առօրյա շատ կարևոր աշխատանքային փուլը, որովհետև լրջագույն կուտակված հարցեր կան, որոնք պետք է լուծվեն։ Երկիրը նորից դնել ճիշտ ռելսերի վրա՝ ընթացքը պահպանելով, արագությունը մեծացնել և գնալ արմատական, խորքային բարեփոխումների, սա գլխավոր խնդիրը պետք է լինի նոր կառավարության։
«Ազատություն». - Պարոն Ռուստամյան, ընտրվելուց հետո 20-օրյա ժամկետում պետք է Նիկոլ Փաշինյանը ծրագիր ներկայացնի։ Անորոշություն է, թե ի՞նչ է լինելու՝ եթե ծրագիրը չի հաստատվում, ըստ Սահմանադրության, վարչապետի նոր ընտրություններ են տեղի ունենում։ Հաշվի առնելով, ինչպես Դուք նշեցիք, որ արտահերթ ընտրություններն իշխող հանրապետականների շահերից չի բխում այս փուլում, Դուք կարծում եք, որ կհաստատվի՞ Փաշինյանի ներկայացրած ծրագիրը և մի քանի ամիս այս ժամանակավոր կառավարությունը կգործի՞։ Ինչպիսի՞ ելք եք տեսնում։
Ռուստամյան. - Բոլոր հնարավոր այլընտրանքները սպառված են, ըստ իս, քաղաքական առումով։ Ի դեպ, կառավարության ձևավորումից հետո 20-օրյա ընթացքում, որովհետև մինչև էդ պետք է կառավարություն ձևավորվի, եթե անգամ այդ տարբերակով գնան և անհասկանալի պատճառով, ասենք, մերժեն ծրագիրը, նորից նույնը սկսելու է՝ նորից վարչապետի ընտրության պրոցեսն է տեղի ունենալու, եթե վարչապետ չի առաջադրվում, նորից լուծարվում է։ Սահմանադրությունը շատ հստակ տվել է լուծումները։ Բայց եթե էս նույն պրոցեսը մենք նորից սկսենք, ի՞նչ է փոխելու քաղաքական առումով և ո՞րն է դրա նպատակը։ Ես այդպիսի հեռանկար քաղաքական առումով չեմ տեսնում։ Շատ հստակ է, որ կա ժողովրդի պահանջ, և սա պետք է օր առաջ գիտակցեն բոլոր քաղաքական ուժերը՝ անկախ նրանից, թե այդ պահանջն ով է ձևավորել, ինչպես է ձևավորել։ Կա ժողովրդի պահանջ, և այդ պահանջը պետք է իրացվի։ Հակառակ պարագայում ժողովուրդը ոչ մի այլ լուծում չի ընդունելու։
«Ազատություն». - Արտահերթ ընտրություններ Դուք մոտ ժամանակում չե՞ք կանխատեսում։ Դա հնարավոր է աշնանի՞ց հետո։
Ռուստամյան. - Ես կարծում եմ, որ արտահերթ ընտրությունների համար ինքնանպատակ ժամկետներ նշելը ճիշտ չէ, որովհետև առնվազն մի քանի հարցեր անհրաժեշտաբար պետք է կատարվեն, որպեսզի այդ ընտրությունները բոլորի համար լինեն ընդունելի, և արդյունքներն, ինչպես նախորդ ընտրություններին են եղել հաճախ, կասկածի տակ չդրվեն։ Նախևառաջ պետք է Ընտրական օրենսգիրքը փոխվի, որը նույնպես ենթադրում է պրոցես՝ աշխատանք, սարքավորումները պետք է դրվեն, որոնք կբացառեն կրկնակի քվեարկություններն ամբողջ Հայաստանի տարածքով մեկ, սա նույնպես ենթադրում է աշխատանք։ Կարծում եմ, որ առաջին քայլերից մեկը պետք է նաև լինի այն, որ վարչապետի լիազորությունները պետք է պակասեցվեն, օրինակ՝ նախարարություն դառնան Ոստիկանությունը, Ազգային անվտանգությունը, որովհետև շատ ճիշտ հարցադրում էր այն, որ այս խորհրդարանական համակարգի տրամաբանությունից բխում էր, որ վերահսկողությունը պետք է լիարժեք լինի նաև այդ մարմինների նկատմամբ, բայց իրենք, չունենալով ուղղակի ներկայություն կառավարության մեջ, ուղղակի հարցադրումներից կարող էին խուսափել և գտնվել անուղղակի հսկողության տակ։ Էս խնդիրները պետք է լուծվի, այսինքն՝ հետագա ապակենտրոնացում իրականացվի: Մեխանիզմներ ունենանք, որ կանխվեն ընտրակաշառքի դեպքերը, և նաև հավասար հնարավորություն ստեղծվի քաղաքական բոլոր ուժերի համար, որ իրենք կարողանան մասնակցել ընտրություններին։
«Ազատություն». - Ժամկետներ հնարավոր չէ՞ նշել՝ աշուն, մեկ տարի, երկու տարի հետո։
Ռուստամյան. - Ողջամիտ ժամկետ որ ասում ենք, նկատի ունենք էս բոլոր հարցերի լուծումը և համախոհությամբ սրան գնալը։ Թե երբ տեղի կունենա՝ էսօր ոչ ոք կոնկրետ ժամկետ չի կարող նշել։
«Ազատություն». - Վերջին ճեպազրուցի ժամանակ, երբ դեռևս հեղափոխություն տեղի չէր ունեցել և ամեն ինչ դեռևս իր հունով ընթանում էր, մեր հարցերին ի պատասխան Դուք չէիք ընդունում, որ իսկապես բոլոր լծակները կենտրոնացվել են Սերժ Սարգսյանի ձեռքում, և որևէ փոփոխություն նախագահական երկրի և խորհրդարանական երկրի միջև տեղի չի ունեցել։ Քիչ առաջ Դուք ասացիք, որ իսկապես կենտրոնացում է տեղի ունեցել վարչապետի ձեռքում այդ լծակների, և պետք է տարանջատում լինի նաև ուժային կառույցների։ Ինչի՞ց հետո Դուք գիտակցեցիք այս իրողությունը, ընդունեցիք, գուցե, Ձեր սխալը, որ չեք բարձրաձայնել ժամանակին այս խնդիրների մասին, ի՞նչը փոխեց Ձեզ մոտ այդ մտածողությունը։
Ռուստամյան. - Նախ ես հիմա էլ եմ կրկնում, որ էն լիազորությունները, որ ունի վարչապետը, էդ նույնը չէ, ինչ որ ուներ Սերժ Սարգսյանը նախագահ եղած ժամանակ։ Սա կարող եմ ապացուցել ցանկացած մեկին։ Խոսքը գնում է առավել ապակենտրոնացում իրականացնելու մասին, վարչապետը որպես այդպիսին նախագահ չի, և առնվազն դատական իշխանությունն ամբողջությամբ անկախ է։ Մեր տեսակետները չեն փոխվել, բայց մենք ավելի ապակենտրոնացման ռեսուրս տեսնո՞ւմ ենք՝ այո, տեսնում ենք, սրա մասին է խոսքը։