Այսօր կեսօրին Կրեմլում տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։
«Երդվում եմ Ռուսաստանի նախագահի իմ լիազորություններն իրականացնելիս հարգել և պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունները, երդվում եմ ծառայել ժողովրդին», - այս խոսքերը Պուտինն արտասանելու է չորրորդ անգամ։
Առաջին անգամ Պուտինը նախագահ է ընտրվել 2000 թվականին` որպես նորագույն Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի ժառանգորդ: Երկրորդ անգամ Պուտինը նախագահ է ընտրվել 2004 թվականին։
Նշենք, որ Ռուսաստանի Սահմանադրությունն արգելում է երկու ժամկետից ավելի նախագահ ընտրվել։ 2008 թվականին Ռուսաստանի նախագահ ընտրվեց Պուտինի ժառանգորդ Դմիտրի Մեդվեդևն, ով նախագահության ժամկետը երկարացրեց երկու տարով և դարձրեց վեց տարի։ Նա 2011-ի աշնանը՝ նախագահական ընտրություններից կես տարի առաջ, հայտարարեց, որ Պուտինի հետ պայմանավորվածության համաձայն, առաջարկում է, որ 2012-ին նախագահ ընտրվի Վլադիմիր Պուտինը։
Պուտին-Մեդվեդև փոխատեղումը ռուսաստանցիներին դուր չէր եկել, և 2011-2012 թվականներին բողոքի ակցիաներ էին տեղի ունենում, փողոց էին դուրս գալիս տասնյակ հազարավոր քաղաքացիներ։
Այսօր Պուտինը հավանաբար պաշտոնը ստանձնում է վերջին անգամ։ Նա 65 տարեկան է, և 2024-ին ավարտվում է նրա նախագահության չորրորդ ժամկետը։ Սահմանադրությունը նրան թույլ չի տալիս Ռուսաստանի նախագահ ընտրվել 2024 թվականին, այսինքն՝ Պուտինը կա՛մ պետք է Սերժ Սարգսյանի օրինակով Սահմանադրությունը փոխի, կա՛մ հեռանա Կրեմլից՝ թողնելով ժառանգորդ, օրինակ` ինչպես 2008 թվականին։
Հայտնի է, որ Պուտինի երդմնակալությանն այսօր մասնակցելու է շուրջ 5 հազար մարդ։ Նրանց մի մասն արարողությանը հետևելու է Կարմիր հրապարակում, որտեղ տեղակայված են լինելու մեծ էկրաններ, մի մասն էլ՝ Գեորգիևյան դահլիճում։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։
Անցած անգամ՝ 2012 թվականին Պուտինի ավտոշարասյունը Կրեմլ էր հասել ամբողջությամբ դատարկ փողոցներով՝ հատուկ ծառայությունները փակել էին Մոսկվայի կենտրոնական փողոցները ոչ միայն ավտոմեքենաների, այլ նաև անցորդների համար։ Ինչպես կլինի այսօր, դեռ հայտնի չէ։
2012-ին Պուտինի երդմնակալության նախօրեին Մոսկվայում բախումներ էին տեղի ունեցել Պուտինի դեմ բողոքի դուրս եկած ցուցարարների և ոստիկանության միջև։
Երկու օր առաջ՝ մայիսի 5-ին Ռուսաստանի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում անցան «Նա մեր ցարը չէ» կարգախոսով բողոքի հավաքներ և երթեր։ Այդ հավաքների մի մասն արտոնված չէր, և ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց ցուցարարների, այդ թվում՝ նաև անչափահասների նկատմամբ։
Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու այս ակցիաները հատկապես մարդաշատ էին Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, ոստիկանությունն ընդհանուր առմամբ բերման էր ենթարկել 1600-ից ավելի մարդու։