Մատչելիության հղումներ

Եվրոպական տերությունները փորձում են կանխել ԱՄՆ-ի հրաժարվելը Իրանի հետ միջուկային համաձայնագրից


Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոն, արխիվ
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոն, արխիվ

Եվրոպական տերությունները ճնշում են բանեցնում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նկատմամբ, որպեսզի այն չհրաժարվի Իրանի հետ կնքված միջուկային համաձայնությունից:

Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դարոքը ամերիկյան CBS հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է, թե Լոնդոնը հավատում է, որ դեռևս հնարավոր է լուծումներ գտնել ԱՄՆ նախագահ Թրամփի առկա մտահոգություններին, ինչը կկանխի, որպեսզի Միացյալ Նահանգները դուրս գա համաձայնությունից:

Իրանական միջուկային ծրագրի հարցը ամերիկացի իր գործընկերների հետ քննարկելու է նաև ներկայումս Վաշինգտոնում գտնվող Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը:

Միևնույն ժամանակ, Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը գերմանական ARD հեռուստաընկերության եթերում նախազգուշացրել է, որ Իրանի հետ միջուկային համաձայնագրից հրաժարվելը կարող է հանգեցնել բացասական հետևանքների: Նա հիշեցրել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրիի խոսքերը, ով 2015 թվականին ստորագրելով Իրանի հետ միջուկային համաձայնագիրը՝ հայտարարեց, որ նման կերպ հնարավոր եղավ կանխել պատերազմը:

Մոտ երկու շաբաթ առաջ, ավարտելով իր այցը Վաշինգտոն, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ակնարկեց, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է հրաժարվել Իրանի և գերտերությունների միջև միջուկային համաձայնությունից:

Աշխարհի վեց գերտերությունների և Իրանի միջև 2015-ի հուլիսի 14-ին ստորագրված միջուկային համաձայնագիրը ենթադրում է Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակում՝ Արևմուտքի պատժամիջոցները մեղմելու դիմաց:

Դոնալդ Թրամփը դա ահավոր վատ համաձայնագիր է համարում և պահանջում է վերանայել այն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG