Մատչելիության հղումներ

Շիրակի պետական համալսարանում պահանջում են հեռացնել ՀՀԿ-ական ռեկտորին


Այսօր Շիրակի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ, աշխատանքից ազատված դասախոսներ ու քաղաքացիական ակտիվիստներ բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա անցկացրին:

Հավաքվածները հանրապետական ռեկտորին մեղադրում էին բուհի միջոցները վատնելու, կաշառակերության ու կոռուպցիայի մեջ: Այդ մեղադրանքները հնչեցնելուց հետո լարվեց իրավիճակը, երբ Սահակ Մինասյանի կողմնակիցները պահանջեցին փաստերով խոսել և անձնական վիրավորանքներ հնչեցրին:

Սահակ Մինասյանը արդեն 6 տարի է՝ Հանրապետականի մարզային կառույցի ղեկավարն է: Վերջինս իջավ իր հեռացումը պահանջող ցուցարարների մոտ և մեծ դժվարությամբ կարողացավ հանդես գալ կարճ հայտարարությամբ:

«Ես ընդհանրապես, լինելով Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, բուհը քաղաքականացնելու առումով ոչ մի քայլ չեմ արել և չեմ անելու», - հայտարարեց Սահակ Մինասյանը:

Ռեկտորը իր խոսքում մեջբերեց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի՝ 2 տարի առաջ գրած հոդվածը: - «Ուրեմն՝ մեր համաքաղաքացի Լևոն Բարսեղյանը 2016 թվականի հուլիսին մի հոդված հրապարակեց՝ վերին ճշգրտությամբ, մեկնաբանելով հետևյալը, որ՝ Մինասյան Սահակին, նշանակել են մի այնպիսի կառույցի ղեկավար, որտեղ տարեկան կոռուպցիոն շրջանառությունը կազմում է 450-500 հազար դոլար»:

Լևոն Բարսեղյանը, իմանալով, որ Սահակ Մինասյանը իր անունն է տվել, բուհ այցելեց ու ելույթ ունեցավ․ - «Այստեղ իմ անունից ինչ-որ հայտարարություններ է արել: Մանկավարժական ինստիտուտի վարքը, բարքերը 20 տարի քննադատել եմ, ասել եմ, որ ճիշտ կլինի՝ այս տարածքը ամբողջությամբ մաքրվի, վերադառնա նախասովետական շրջանին՝ կարտոլ, կուկուռուզ ցանվի, ինչպես կար էն ժամանակ: Հաշվել եմ կաշառքի չափերը, ասել եմ, որևէ մեկը չի հերքել, վիրավորանքի ու զրպարտության համար դատի չի տվել, խոսքերիս տեր եմ, Սահակ Մինասյանը Շիրակի մարզի կրթության համակարգի չարիքներից մեկն է»:

Ակցիային մասնակցում էին նաև Սահակ Մինասյանի կողմից աշխատանքից հեռացված դասախոսները, որոնք ևս պնդում էին, որ ռեկտերը չարաշահումներ է թույլ տալիս։

Ի դեպ՝ երեկ աշխատանքից հեռացվել էր բուհի պռոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ով հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է, սակայն վերջինս այսօրվա բողոքի ակցիային չէր մասնակցում:

Սահակ Մինասյանի հրաժարականը պահանջողները նրան մինչև ժամը 14-ը ժամանակ տվեցին, սակայն ռեկտորն այդպես էլ հրաժարական չտվեց: Բուհի մասնաշենք մուտք գործած ցուցարարներին պահակային ծառայություն իրականացնողի միջոցով էր փոխանցել, որ զբաղված է:

Ուսանողները ասացին, որ կպայքարեն և որ իրենց կհաջողվի պաշտոնանկ անել բուհի ռեկտորին:

Երկուշաբթի ցուցարարների պահանջով բուհ կայցելի կրթության նախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG