Վարչապետի թեկնածու, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովում պատասխանել է «Ազատության» հարցերին: Ստորև ներկայացնում ենք հնչած հարցերից և պատասխաններից մի հատված:
Հարց․ - Այս ընթացքում արդեն քննարկումներ եղե՞լ են, թե ընտրությունից հետո առաջին նշանակումները որոնք են:
Փաշինյան․ - Այս պահին որևէ բան չեմ կարող ասել, որովհետև կան կառավարության կազմի մի քանի տարբերակներ, իսկ ո՞ր տարբերակը կիրագործվի իրականում իմ վարչապետ ընտրվելու պարագայում, կախված է կոնկրետ քաղաքական իրավիճակից, որովհետև կառավարությունը քաղաքական իրավիճակի արտացոլում պիտի լինի:
Հարց․ - Այսինքն բացառո՞ւմ եք, որ Հանրապետականից կլինեն, թե՞ չեք բացառում, որ բոլոր ուժերից էլ կարող են լինել կառավարությունում:
Փաշինյան․ - Ես ասել եմ, որ իմ՝ վարչապետ ընտրվելու պարագայում մենք կարձանագրենք քաղաքական իրավիճակը և այդ քաղաքական իրավիճակի վրա հենվելով կփորձենք ձևավորել համաձայնության կառավարություն:
Հարց․ - Արտահերթ ընտրությունները՝ այսինքն այս 20-օրյա ծրագրի ընթացքում պետք է հավանության չարժանանա՞ Ձեր ծրագիրը, թե՞ կարծում եք կձգվի:
Փաշինյան․ - Մի քանի սցենարներ կան, դա նույնպես կախված է քաղաքական իրավիճակից:
Հարց․ - Այսինքն, եթե փոփոխությունները հասցնեք այդ 20-օրյա ընթացքում՝ կառավարության ձևավորումից հետո, կգնա՞ք արտահերթ ընտրությունների:
Փաշինյան․ - Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներ կան, և արտահերթ ընտրությունների ժամկետները կախված են այդ սցենարներից:
Հարց․ - Եթե փոփոխությունները լինեն, Դուք պատրա՞ստ եք հենց այդ պահին էլ հրաժարական տալ և գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, եթե տեսնեք անհրաժեշտ և բավարար հիմքեր կան:
Փաշինյան․ - Իմ՝ վարչապետ ընտրվելու պարագայում, այն պահին, երբ որ տեսնեմ, որ կան լիարժեք պայմաններ իսկապես ժողովրդավարական, օրինական, թափանցիկ և լեգիտիմ ընտրություններ անցկացնելու, այո՝ ես հրաժարական կտամ: