Մոսկվայի կենտրոնում՝ Պուշկինսկայա հրապարակից, բերման է ենթարկվել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին: Նա բերման է ենթարկվել հրապարակ գալուց քիչ անց՝ չհասցնելով մասնակցել իր իսկ կազմակերպած հավաքին: Ոստիկանությունը նրան պարզապես ոտքերից և ձեռքերից բռնած դուրս է հանել Պուշկինսկայա հրապարակից:
Ոստիկանությունն այսօր կոշտ ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ, հատկապես Մոսկվայում: Թեև Նավալնու աջակիցների՝ «Նա մեր ցարը չէ» բողոքի հավաքը արտոնված չէր իշխանությունների կողմից, սակայն հազարավոր մարդիկ դուրս են եկել Տվերսկայա փողոց և Պուշկինսկայա հրապարակ: Ոստիկանությունը հայտարարել է, որ բողոքի հավաքին մասնակցել է 1,500 մարդ, իսկ կազմակերպիչների նախնական տվյալներով 3-4 հազար մարդ է մասնակցել՝ մեծամասամբ երիտասարդներ, ուսանողներ, անչափահասներ:
Այսօր Պուշկինսկայա հրապարակ էին եկել նաև իշխանություններին աջակցող ակտիվիստներ և կազակներ, նրանք վիճում էին Նավալնուն աջակցող երիտասարդների հետ, նույնիսկ բախումներ են եղել, սակայն, երբ ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել մարդկանց, Պուտինի կողմնակիցները հեռացել են հրապարակից: Ոստիկանությունը հատկապես կոշտ էր գործում Մոսկվայում՝ մարդկանց ծեծում էին մահակներով, քարշ տալիս, բերման ենթարկում: Ընդհանուր առմամբ՝ նախնական տվյալներով բերման է ենթարկվել շուրջ հազար մարդ:
Բողոքի ակցիաների մասնակիցներն էլ այսօր ավելի համարձակ էին, փորձում էին փակել փողոցները: Մասնավորապես՝ կես ժամով փակել էին Պուշկինսկայա հրապարակին հարող Ստրաստնոյ բուլվարը, սակայն ոստիկանները նրանց ստիպեցին նահանջել:
Սանկտ Պետերբուրգում բողոքող երիտասարդները «Պուտինը գող է» վանկարկելով անցել են քաղաքի գլխավոր Նևսկի պողոտայով:
Ալեքսեյ Նավալնիի կոչով Ռուսաստանով մեկ այսօր բողոքի ակցիաներ են անցնում «Նա մեր ցարը չէ» կարգախոսով: Մայիսի 7-ին Վլադիմիր Պուտինը չորրորդ անգամ կստանձնի Ռուսաստանի նախագահի պաշտոնը:
Ուշագրավ է, որ Ռուսաստանի տարբեր քաղաքներում անցած բողոքի հավաքներին հնչել են՝ «Ուզում ենք այնպես լինի, ինչպես Հայաստանում», «Մենք էլ կարող են հայերի պես» կարգախոսները:
Նշենք, որ ցուցարարների և ոստիկանության միջև կոշտ բախումներ արձանագրվել էին նաև վեց տարի առաջ՝ մայիսի 6-ին, Պուտինի երրորդ երդմնակալության նախօրեին: