Նախկին գլխավոր դատախազ, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը մայիսի 8-ին դեմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։ Այդ մասին նա հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով «Ազատության» հարցին։
«Ազատություն». - Պարոն Կոստանյան, քանի որ երեկ ՀՀԿ խմբակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ միաձայն քվեարկություն չի լինելու. - «Ճիշտ է, ամեն ինչ կանենք, որ վարչապետ ունենանք մայիսի 8-ին, բայց միաձայն քվեարկություն չի լինելու, քանի որ Բրեժնև չենք ընտրելու և պալիտբյուրո չէ Հանրապետականը»։ Շարմազանովը նաև հստակեցրեց, որ պահպանելու է իր դիրքորոշումը և դեմ է քվեարկելու։ Դուք, քանի որ նույնպես դեմ եք արտահայտվել, նաև Ձեր ելույթում հիմնավորել եք, պահպանելո՞ւ եք Ձեր այդ սկզբունքային որոշումը նաև մայիսի 8-ին։
Գևորգ Կոստանյան. - Եթե նկատել եք, ես իմ ամբողջ կենսագրության ընթացքում հայտնում եմ դիրքորոշում և հիմնավորում եմ այդ դիրքորոշման հիմքում ընկած պատճառները։ Որպեսզի ես իմ դիրքորոշումը փոխեմ, պատճառները պետք է վերանան, քանի պատճառները չեն վերացել, իմ դիրքորոշումն անփոփոխ է՝ անկախ ամեն ինչից։
«Ազատություն». - Դժվա՞ր այս հինգ օրում այդ պատճառները վերանան։
Գևորգ Կոստանյան. - Ես չեմ տեսնում պատճառները վերանալու հիմքեր։
Լրագրողներից մեկի հարցին, թե պատրա՞ստ է խորհրդարանում ընդդիմություն աշխատել, Կոստանյանը պատասխանեց, թե ամենաբարդ հարցն է տալիս։
«Ամենաբարդ հարցն եք ինձ տալիս, որովհետև դա նաև որոշակիորեն հոգեբանական խնդիր է։ Ես իմ ամբողջ կենսագրության ընթացքում մասնագիտական գործունեություն եմ իրականացրել և շարունակելու եմ իմ մասնագիտական գործունեությունն իրականացնել՝ որտեղ էլ լինեմ, ինչ կարգավիճակով էլ որ լինեմ», - ասաց Կոստանյանը՝ հստակեցնելով. - «Մասնագիտությունը ընդդիմություն չի լինում»։
«Ազատության» հարցին, թե հոգեբանական խնդիրներ չի՞ ունենալու իշխանությունից ընդդիմություն անցումային փուլում, Կոստանյանը պատասխանեց. - «Չէ, որովհետև եթե դու մասնագիտական գործունեություն ես իրականացնում, այդ մասնագիտական գործունեությունն իրականացնում ես ոչ թե իշխանության կամ ընդդիմության համար, այլ երկրի համար։ Եթե այսօր գալիս է մի օրենք, իսկ գոնե իմ կենսագրության էս պառլամենտական գործունեության ընթացքում տեսել եք՝ ով ուզում է այդ օրենքը բերի, եթե ես տեսնում եմ էդ օրենքը խնդիր է և չի բխում մեր երկրի, մեր պետության շահերից, ուզում է իշխանությունը բերի, ուզում է ընդդիմությունը բերի՝ ես դրան դեմ եմ ու դեմ եմ լինելու։ Եվ նույն հաջողությամբ, կարծում եմ, Դուք նաև ականատես եք եղել, որ անգամ կառավարության բերած օրինագծերը, եթե ընդդիմությունը լավ առաջարկություն էր անում, ինձ համար դա միանշանակ ընդունելի էր, որովհետև ինձ համար կապ չունի, թե ով է այդ առաջարկությունն անում, եթե դա բխում է մեր երկրի ու մեր պետության շահերից, ուրեմն տենց էլ լինելու է, անկախ նրանից՝ ես կլինեմ ընդդիմություն ֆորմալ տեսակետից, թե չեմ լինի»։
Հիշեցնենք՝ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մայիսի 1-ին Ազգային ժողովում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:
Համաձայն Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ կետի՝ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի, այսինքն՝ 35 պատգամավորների առաջադրած վարչապետի թեկնածուները: Երեկ 41 պատգամավորի ստորագրությամբ Նիկոլ Փաշինյանն առաջադրվեց վարչապետի թեկնածու։
Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: