Այսօր Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը՝ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ այցելել է բանակային առաջնագիծ, տեղում ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրավիճակին, հակառակորդի հավանական ոտնձգությունները կանխելու ուղղությամբ իրականացված ու շարունակվող աշխատանքներին, հաղորդում է ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Ինչպես նախագահին զեկուցել ու հավաստիացրել են զինվորականները, իրավիճակը լիովին գտնվում է մեր ուժերի վերահսկողության ներքո և արկածախնդրության դիմելու պարագայում հակառակորդը հերթական անգամ առիթ կունենա համոզվելու իր ծրագրերի անհեռանկարային լինելու հարցում», - ասված է հաղորդագրությունում:
«Շրջայցի ավարտին Արցախի Հանրապետության նախագահը խնդիրներ է առաջադրել ներկաներին և նշել, որ այսուհետ ևս ծառայությունը առաջնագծում պետք է կազմակերպել առկա իրողություններն ու հավանական զարգացումները հաշվի առնելով», - հաղորդում է ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունը: