Մատչելիության հղումներ

«Դրամի փոխարժեքը կայուն է՝ նշանակում է ժողովուրդը վաղվա օրվա նկատմամբ անհանգստություն չունի»․ Բաբկեն Թունյան


Հայաստանի կենտրոնական բանկը վերահսկում է իրավիճակը և ունի բավարար գործիքակազմ՝ ֆինանսական համակարգում կայունություն ապահովելու համար, այսօր հայտարարել է Կենտրոնական բանկը՝ հերքելով սոցցանցում տարածված լուրերը, թե դրամի փոխարժեքի հետ կապված խնդիրներ կան, ավանդներն էլ վաղաժամկետ դադարեցվում են։

Տնտեսական վերլուծաբան Բաբկեն Թունյանը վերջին մեկ ամսվա ընթացքում հետևել է դրամի փոխարժեքին, անկում չի եղել, անգամ կարծում է, որ դրամը կարող է ամրապնդել դիրքերը։

«Դրամի փոխարժեքը կայուն է՝ նշանակում է ժողովուրդը վաղվա օրվա նկատմամբ անհանգստություն չունի, ու չի էլ բացառվում, որ դրամը ինչ֊որ տեղ արժևորվեր, քանի որ սպասումները դրական է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Թունյանը:

Փակված մայրուղիները, փողոցներ, գրեթե ամենուր գործադուլը տնտեսության վրա չի կարող չունենալ բացասական ժամանակավոր ազդեցություն, ասում է Թունյանը, հավելելով սակայն, որ ճգնաժամի հանգուցալուծումից հետո տնտեսությունը կարող է արագ վերակագնվել և անգամ շահած դուրս գալ, երբ կատարվեն ցուցարարների պահանջները։

«Տեխնիկական ինչ-որ անհարմարություններ կան, որը բնական է՝ տնտեսավարողներին որոշ չափով կխանգարի, բայց այդ խանգարելու դրական էֆեկտը, որը կարող է հետո լինի, համադրելի չեն», - կարծիք հայտնեց վերլուծաբանը:

Ազգային ժողովում վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության քննարկումների ժամանակ հանրապետական Գագիկ Մելիքյանը կարծիք հայտնեց, որ ցույցերի ամեն մի օրը Հայաստանի տնտեսությունը 2 ամսով հետ է շպրտում։ Թունյանի կարծիքով պատգամավորի տեսակետը հիմնավոր չէ և գործիք էլ չկա նման չափում անելու համար:

«Գագիկ Մելիքյանի ասածով ստացվում է, որ մինչև էսօր արդեն մի երեք տարի հետ ենք մնացել: Դա ուղղակի դիլետանտիզմ է: Օրինակ, երբ հրապարակվի հունվար – ապրիլ ամիսների սոցիալ-տնտեսական վիճակագրությունը կարող ենք նայել, ինձ թվում է՝ օրինակ առևտրի ծավալները մի թեթև նվազած կլինեն և այլն», - մեկնաբանեց Բաբկեն Թունյանը:

Մեկ շաբաթ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ևս խոսել էր քաղաքական ճգնաժամի՝ տնտեսության վրա բացասական ազդեցության մասին, նշելով, որ «այսպես շարունակվելու դեպքում մենք ունենալու ենք տնտեսական խնդիրներ, զբոսաշրջիկները չեն գալու, ներդրողները վերադառնում են»։

Տնտեսագետը հակադարձում է՝ եթե միայն վերջին շաբաթներին Հայաստանի մասին միջազգային մամուլի էջերին հայտնված հոդվածները գրված լինեին որպես գովազդ, ապա դրա համար Հայաստանը պետք է միլիոնավոր դոլարների ներդրում կատարած լիներ․ - «Եթե դա լիներ գովազդով, կարող է ստացվի՝ Հայաստանի բյուջեի չափ մի մեծություն, որը անհամեմատելի է այն վնասի հետ, որը արձանագրվել է»:

Թունյանը նաև նկատում է, որ իշխանության գալու դեպքում ընդդիմությունը խոստանում է լուծել Հայաստանի այն խնդիրները, որոնք ամենաբացասական ազդեցությունն են ունենում տնտեսության վրա․ - «Խնդիրների շարքը օրենքի գերակայությունն է, երբ որ ներդրողը վստահ չէ, որ իր իրավունքները պաշտպանված են լինելու, վստահության պակասն է պետական համակարգի նկատմամբ ու դատական համակարգի անկախություն ու այսպես՝ մի շարք խնդիրներ, որոնք կապված են ժողովրդավարական կայացման մակարդակի հետ: Այսինքն, եթե լինեն արդար ընտրություններ գոնե մեկ անգամ, արդեն հավանականությունը շատ ավելի մեծ է, որ այդ ինստիտուտները բոլորը նորմալ կաշխատեն ու ներդրողները իրենք արդեն որոշում կկայացնեն՝ գալ Հայաստան, ներդրում անել, թե ոչ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG