Մատչելիության հղումներ

Ազգային ժողով է ժամանել Սերժ Սարգսյանը 


ՀՀ նախկին նախագահ, նախկին վարչապետ Սերժ Սարգսյան, արխիվ
ՀՀ նախկին նախագահ, նախկին վարչապետ Սերժ Սարգսյան, արխիվ

Այս պահին իշխող Հարապետական խմբակցության պատգամավորները խորհրդարանում նիստ են անցկանցում, որին մասնակցում էր նաև նախկին նախագահ, վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացրած Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավորների հանդիպումը դեռ շարունակվում է, այս պահին դեռ հստակ չէ, թե ինչ դիրքորոշում կունենա Հանրապետականը մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրություններին՝ կառաջադրի թեկնածու, թե մայիսի 1-ի ընտրությունների օրինակով չի առաջադրի:

Հանրապետական խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ նախագահի հետ հանդիպումից հետո էլ դեռ հստակ չէ, թե ինչ դիրքորոշում կորդեգրի ՀՀԿ-ն:

«Ոչինչ դեռ պարզ չէ»,- ասաց Հակոբյանը:

Հայաստանի վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:

Հիշեցնենք, վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

Քվեարկությունից հետո Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվող բազմամարդ հանրահավաքում կոչ արեց առավոտից վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները:

Այսօր առավոտից ցուցարարները փակել են Երևանի կենտրոնական փողոցները, դեպի «Զվարթնոց» օդանավակայան ճանապարհը, այլ ավտոճանապարհներ, փակ է մայրաքաղաքի մետրոպոլիտենը:

Համաձայն Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ կետի՝ «Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG