Մատչելիության հղումներ

45 կողմ, 56 դեմ․ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը մերժվեց


Վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր: Ձեռնպահ՝ չկար:

Իշխող Հանրապետական խմբակցությունից ընդամենը մեկ պատգամավոր կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին՝ Շիրակի նախկին մարզպետ, անկուսակցական Ֆելիքս Ցոլակյանը:

Քվեարկությունից հետո «Ազատությունը» Ցոլակյանին հարցրեց՝ ո՞րն էր իր կայացրած նման որոշման պատճառը: - «Խիղճ և խաղաղություն», - պատասխանեց պատգամավորը:

Հանրապետական խմբակցությունից մեկ այլ պատգամավոր՝ Գրիգոր Ավալյանը, բացակա էր: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին։ Ավալյանը, ըստ Ազգային ժողովի կայքի, 2004-2007 թվականներին եղել է «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահ, 2007-2017թթ.՝ ֆինանսական տնօրենը: «Գրանդ հոլդինգը», հիշեցնենք, հայտարարել էր համաժողովրդական շարժմանը միանալու մասին:

«Ծառուկյան» դաշինքը և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էին, որ սատարելու են ՀՀ վարչապետի «Ելք» խմբակցության թեկնածուին: 105 պատգամավոր ունեցող խորհրդարանում «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները միասին ունեն 47 ձայն (ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը հայտարարեց չքվեարկելու մասին): Ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 53 ձայն: ՀՀԿ-ն ունի 58 մանդատ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG