Մատչելիության հղումներ

«Չեմ կարող անձնական պատասխանատվություն ստանձնել և կողմ քվեարկել պարոն Փաշինյանին»․ Աղվան Վարդանյան


«Չեմ կարող անձնական պատասխանատվություն ստանձնել և կողմ քվեարկել պարոն Փաշինյանին»․ Աղվան Վարդանյան

Պատճառաբանելով իր ունեցած «վտանգի կանխազգացումը» և պնդելով, որ վստահ չէ, որ «այս ամենը շատ ավելի մեծ խաղի, բարդ ու բազմաշերտ սցենարների համակցություն չէ», Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Ազգային ժողովում վարչապետի ընտրությունների նպատակով հրավիրված արտահերթ նիստում հայտարարեց․ - «Այս իրողություններից, այս հաստատումներից մեկնելով ես չեմ կարող անձնական պատասխանատվություն ստանձնել և կողմ քվեարկել պարոն Փաշինյանին»:

Պնդելով, որ հակառակ պարագայում խախտած կլինի խղճով ու համոզմունքներով քվեարկելու իր սահմանադրական իրավունքը՝ Աղվան Վարդանյանը հավելեց․ - «Անկեղծ ասած, սա ընտրություն էլ չի, ինձ երկու տարբերակ են թողել՝ քվեարկել կա՛մ Նիկոլին, կա՛մ Փաշինյանին: Ես չեմ քվեարկելու: Բայց սա հարցի մի կողմն է: Ես դաշնակցական եմ, կուսակցություն-խմբակցություն եմ ներկայացնում, որ կողմ քվեարկելու որոշում ունի: Ինձ համար այս դժվար երկվությունից դուրս գալու մի ելք կա: Եթե իմ կուսակցությունը պահանջի, պատրաստ եմ վայր դնել մանդատը»:

Ազգային ժողովում ընթանում է հատուկ նիստը. պատգամավորները քննարկում են ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է. նրա թեկնածությունն առաջադրել է «Ելք» խմբակցությունը: Երեք խմբակցություններ՝ «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք» հայտարարել են նրա թեկնածությունը սատարելու մասին. այդ խմբակցությունները միասին ունեն 47 ձայն. ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 53 ձայն: ՀՀԿ-ն քվեարկելու հարցում իր դիրքորոշումը կհայտնի Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո:

«Ազատության» հետ զրույցում Աղվան Վարդանյանը հրաժարվեց որևէ մեկնաբանությունից, միայն ասելով, որ կուսակցությունից դուրս գալու որոշում չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG