Մատչելիության հղումներ

Փաշինյանը ներկայացրեց իր մոտեցումները ԼՂ հարցի վերաբերյալ


«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կարծիքով ԼՂ հարցի վերաբերյալ փոխզիջման որևէ տարբերակ քննարկելի է միայն այն պարագայում, եթե Ադրբեջանը շատ հստակ ուղերձ հղի, որ պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Այս մասին Փաշինյանը հայտարարեց՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե ինչ մոտեցումներ և լուծումներ ունի Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ:

«Էն մթնոլորտում, երբ որ Ադրբեջանը սպառնում է վերացնել հայկական պետականությունը, այդ մթնոլորտում փոխզիջման մասին խոսելը մի փոքր տարօրինակ է։ Այս պայմաններում մենք կարող ենք խոսել միայն սեփական պետության և երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու մասին, իսկ փոխզիջման որևէ տարբերակ քննարկելի է միայն այն պարագայում, եթե Ադրբեջանը շատ հստակ ուղերձ հղի, որ պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով․ ֊ «Ուրիշ որևէ տարբերակ չկա»:

Ազգային ժողովում ընթանում է հատուկ նիստը. պատգամավորները քննարկում են ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է. նրա թեկնածությունն առաջադրել է «Ելք» խմբակցությունը: Երեք խմբակցություններ՝ «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք» հայտարարել են նրա թեկնածությունը սատարելու մասին. այդ խմբակցությունները միասին ունեն 47 ձայն. ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 53 ձայն: ՀՀԿ-ն քվեարկելու հարցում իր դիրքորոշումը կհայտնի Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG