«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հեռարձակման միջոցով հայտարարել է, որ իշխող Հանրապետական կուսակցությունը փորձում է տապալել մայիսի 1-ին նախատեսված վարչապետի ընտրությունը, որին առաջադրված միակ թեկնածուն Փաշինյանն է։
«Մենք քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ գիշերային մի ժողովի ընթացքում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հանրապետականները որոշել են տապալել վարչապետի ընտրությունները», - կեսգիշերից հետո հեռարձակված տեսաուղերձում ասում է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները հայտարարել էին, թե չեն պատրաստվում խոչընդոտել «ժողովրդի թեկնածուի ընտրությանը»։
«Կոչ եմ անում բոլորիդ վաղ առավոտից ոտքի վրա լինել և վաղ առավոտից հավաքվել Հանրապետության հրապարակում՝ Սերժ Սարգսյանի և Հանրապետականի նոր պլանին հակազդելու համար», - նաև ասում է ընդդիմադիր առաջնորդը, նշելով, որ այդպիսով փորձ է արվելու վերականգնել Հանրապետականի իշխանությունը։ - «Վաղ առավոտից կոչ եմ անում հարյուր հազարներով հավաքվել՝ թողնել բոլոր գործերը և հավաքվել Հանրապետության հրապարակում»։
Խորհրդարանը մայիսի 1-ին նշանակված հատուկ նիստում նոր վարչապետ է ընտրելու: Ներկայացված միակ թեկնածուն ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն է։
Սերժ Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց ապրիլի 23-ին՝ ընտրվելուց և նշանակվելուց մի քանի օր անց:
Փաշինյանի հայտարարությունից մոտ մեկ ժամ առաջ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ իշխող կուսակցությունը ՀՀ վարչապետի թեկնածուի քվեարկության վերաբերյալ որոշում կկայացնի մայիսի 1-ին՝ Նիկոլ Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո:
Նշենք, որ վարչապետ ընտրվելու համար «Իմ քայլը» շարժման առաջնորդին անհրաժեշտ է ստանալ խորհրդարանի 105 պատգամավորներից առնվազն 53-ի քվեն։ Ազգային ժողովի «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները հայտարարարել են Փաշինյանին սատարելու մասին։ Այս երեք ուժերի ձայները գումարը կազմում է 47, մինչդեռ իշխող Հանրապետական կուսակցությունը խորհրդարանում 58 մանդատ ունի, և հետևաբար ՀՀԿ քվեներից է կախված, թե արդյո՞ք ընդդիմադիր պատգամավորը կընտրվի վարչապետ։
Եթե, ինչպես Փաշինյանն է ահազանգում, ԱԺ մեծամասնությունը ձախողի այսօրվա ընտրությունը, ապա 7 օր անց նշանակվելու են նոր ընտրություններ։