Թուրքիայի նախագահի թեկնածու՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» նախկին համանախագահ, 2016 թվականի նոյեմբերից կալանքի տակ գտնվող Սելահաթդին Դեմիրթաշին մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում:
«Անադոլու» գործակալության հաղորդմամբ, այսօր Ստամբուլի ծանր հանցագործությունների 26-րդ դատարանում տեղի ունեցած նիստի ընթացքում դատախազը 2013 թվականին Ստամբուլում Նովրուզի տոնակատարության ժամանակ «ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» մեջ մեղադրվող Դեմիրթաշի համար մինչև 5 տարվա ազատազրկում է պահանջել:
Նույնքան պատժաչափ է սպառնում նաև նույն հոդվածով մեղադրվող «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»՝ Անկարայից պատգամավոր ընտրված Սըրի Սուրեյա Օնդերին: Հայտնի է, որ Դեմիրթաշը դատավարությանը ներկա չի գտնվել վատառողջ լինելու պատճառով: Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 8-ին:
«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» ղեկավար շտաբը հայտարարել է, թե Սելահաթդին Դեմիրթաշը, այնուամենայնիվ, կառաջադրվի Թուրքիայի նախագահի պաշտոնում, անգամ եթե ազատազրկման դատապարտվի: Հունիսի 24-ին Թուրքիայում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ են տեղի ունենալու: Բարձրագույն ընտրական հանձնաժողովի հայտարարության համաձայն, կուսակցությունները նախագահի իրենց թեկնածուներին պաշտոնապես կառաջադրեն մայիսի 4-ից 9-ը: