Մատչելիության հղումներ

Հանրապետականները սուր հարցեր ուղղեցին Փաշինյանին արտաքին քաղաքականության հետ կապված


Հնարավո՞ր է, որ վարչապետ Փաշինյանը տարբեր հարցերի վերաբերյալ 180 աստիճանի տարբերվող դիրքորոշումներ ունենա, հարցնում է Էդուարդ Շարմազանովը

«Իմ քայլը» շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այսօր ԱԺ մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցության պատգամավորների հետ հանդիպման մեկնարկին նշեց, որ կա հնարավորություն ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար և այդպիսի հնարավորություն ունի Հանրապետական խմբակցությունը:

Հանրապետական խմբակցության պատգամավորները փորձում էին մարտահրավեր նետել Նիկոլ Փաշինյանին՝ կապված Եվրասիական տնտեսական միության հետ: Նիկոլ Փաշինյանը և «Ելք» խմբակցությունը ժամանակին դեմ էին արտահայտվում Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին, և «Ելք»֊ը անգամ լսումներ կազմակերպեց, որպեսզի Հայաստանը դուրս գա այդ միությունից: Մինչդեռ վերջին օրերին թե՛ լրատվամիջոցների հետ, թե՛ հանրահավաքներում և թե՛ այսօր ավելի վաղ Ազգային ժողովում Փաշինյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ի անդամակցությունը դադարեցնելու խնդիր իր ղեկավարած նախաձեռնության օրակարգում չկա:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, մասնավորապես, հարց հնչեցրեց․ - «Հիմա մենք Նիկոլ Փաշինյանի ո՞ր ասածը հիմք ընդունենք: Էն, որ ընդդիմադիր գործիչ Փաշինյանի, որ ասում է, թե Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից պետք է դուրս գա, թե՞ արդեն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի, որը ասում է՝ Եվրասիական տնտեսական միությունից չպետք է դուրս գալ»: Շարմազանովը նաև երկրորդ հարցը հնչեցրեց, թե հնարավո՞ր է, որ Փաշինյանը տարբեր հարցերի վերաբերյալ 180 աստիճանի տարբերվող դիրքորոշումներ ունենա «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայտարարություններից»:

Ի պատասխան՝ ընդդիմադիր գործիչը հայտարարեց, որ իրողություններ են փոխվել: - «Գաղտնիք չէ՝ ես ինքս դեմ եմ քվեարկել Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը, ինչը նշանակում է, որ ես դեմ եմ եղել Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին, բայց այնուամենայնիվ, Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, և մենք, լինելով քաղաքական և պետական գործիչներ պետք է հաշվի նստենք իրողությունների և փաստերի հետ»:

Փաշինյանը հավելեց, որ բազմիցս հայտարարել է և անգամ նախորդ գումարման Ազգային ժողովում դեմ է քվեարկել, երբ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց է առաջադրվել, քանի որ համարում է, որ «հատկապես արտաքին քաղաքական բնագավառում կտրուկ շրջադարձերը շատ վտանգավոր կարող են լինել երկրի համար»:

«Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ հայտարարությանը, երբ դու ընդդիմության ներկայացուցիչ ես, դու հնարավորություն չունես խնդիրները, որ կապված են, մասնավորապես, օրինակ՝ ԵԱՏՄ-ի հետ, հնարավորություն չունես այդ հարցերը քննարկել ուղիղ և տվյալ դեպքում ընտրվում է գործիքակազմ, որ այդ հարցերը հնարավորինս լսելի ձևով բարձրաձայնվեն», - պարզաբանեց նա: - «Երբ դու իշխանության ներկայացուցիչ ես, կա հնարավորություն բոլոր այդ հարցերը ըստ առաջնահերթությունների դասավորել և քննարկել գործընկերների հետ համբերատար, փոխադարձ հարգանքի մթնոլորտում, և մենք այդպես էլ կվարվենք, եթե իրադարձությունները ընթանան այն սցենարով, որ մենք պետք է դրանով զբաղվենք»:

Փաշինյանը մեկ անգամ ևս հավաստիացրեց, որ իր վարչապետության շրջանում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չի բարձրացնելու:

Նույն հարցը տվեց նաև ՀՀԿ փոխնախագահ, Հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ մեջբերումներ անելով Փաշինյանի նախկին հայտարարություններից: Օրինակ՝ Հանրապետական պատգամավորը հիշեցրեց ընդդիմադիր պատգամավորի հայտարարություններից մեկը, որ Եվրասիական տնտեսական միությունում մնալու՝ Հայաստանի միակ տարբերակը շանտաժն է, կամ որ ԵԱՏՄ-ն միայն վնաս է բերելու Հայաստանի տնտեսությանը: Աշոտյանը հարցրեց՝ այդ ի՞նչ փոխվեց ամսվա ընթացքում:

«Մենք հիմա ունենք նոր քաղաքական իրողություն, և կարծում եմ՝ ցանկացած քաղաքական և պետական գործիչ պետք է հաշվի նստի իրողությունների հետ», - արձագանքեց ընդդիմադիր պատգամավորը, - «Ընդհանրապես ասեմ, որ մեր շարժման հետ կապված ցանկացած այսպիսի ձևակերպում՝ ռուսամետ, արևմտամետ, ամերիկամետ, դա սխալ ձևակերպում է, որովհետև մեր շարժումը եղել է, կա և կշարունակի մնալ հայամետ»:

Հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հարց բարձրացրեց ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերը: Մասնավորապես, հարց հնչեցրեց, որ՝ եթե Մովսես գյուղի վրա կրակեն արդյո՞ք Փաշինյանը պատրաստվում է գնալ Նազարբաևի և Պուտինի հետ քննարկել, ինչին «Իմ քայլը» շարժման առաջնորդը պատասխանեց, որ ինչպես ԵԱՏՄ-ից, այնպես էլ ՀԱՊԿ-ից դուրս գալու որևէ մտադրություն չկա, բայց շեշտեց՝ առկա են խնդիրներ և այդ խնդիրները պետք է քննարկվեն ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ:

Խոսելով ապագա ձևավորվելիք կառավարության մասին՝ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ եթե ինքը վաղը ընտրվի համաձայնության կառավարություն է ստեղծվելու և ընդգծեց, որ կադրային ջարդ չի լինելու:

Երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է «պատասխանատու ձևով ստանձնել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը»: Նրա այս հայտարարությունը ջերմ ընդունելության արժանացավ հրապարակում հավաքված հազարավոր աջակիցների մոտ:

Խորհրդարանը մայիսի 1-ին նշանակված հատուկ նիստում նոր վարչապետ է ընտրելու:

Սերժ Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց ապրիլի 23-ին՝ ընտրվելուց և նշանակվելուց մի քանի օր անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG