Մատչելիության հղումներ

Քաբուլում ահաբեկչության հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, որոնց թվում՝ «Ազատության» լրագրողներ


Պայթյուններ Քաբուլում, 30-ը ապրիլի, 2018 թ․
Պայթյուններ Քաբուլում, 30-ը ապրիլի, 2018 թ․

Այսօր Քաբուլում իրականացված երկու պայթյունների հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել, այդ թվում՝ ութ լրագրող, շուրջ հինգ տասնյակ մարդ վիրավորվել է: 45 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանց մեջ ծանր վիրավորներ կան, զոհերի թիվը կարող է աճել:

Զոհվածներից երեքը «Ազատություն» ռադիոկայանի աֆղանական ծառայության լրագրողներ են: Աբադուլահ Հանանզային և Մահարամ Դուրանին զոհվել են պայթյունի վայրում, իսկ ծանր վիրավորված Սաբավուն Կակարը ժամեր անց մահացել է հիվանդանոցում:

Աբադուլահ Հանանզային աշխատում էր «Ազատություն» ռադիոկայանի թմրամիջոցների դեմ պայքարի «Թույնի քարավան» կոչվող ծրագրում: Կին լրագրող Մահարամ Դուրանին աշխատում էր շաբաթական ծրագրում: «Ֆրանս Պրեսը» հաղորդում է, որ զոհված լրագրողների թվում է նաև «Ֆրանս Պրեսի» ֆոտոթղթակիցը:

Քաբուլի ոստիկանության մամուլի խոսնակը հայտնել է, որ զոհերից չորսը ոստիկաններ են: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, այդ մասին հաղորդելով իրենց հետ կապ ունեցող «Ամաք» կայքի միջոցով:

«Քաղաքացիական անձանց, մզկիթներում աղոթողներին, լրագրողներին, ազգային և ժողովրդավարական գործընթացներն ու ազատ կամարտահայտությունը թիրախավորելը պատերազմական հանցագործության կոնկրետ օրինակներ են: Ահաբեկչական այս գործողությունը հակասում է մահմեդական արժեքներին և մարդու իրավունքներին»,- հայտարարել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին:

Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար գեներալ Ջոն Նիկոլսոնն ասել է, թե «խստորեն դատապարտում են Քաբուլում այսօր իրականացված վախկոտ հարձակումը, որի արդյուքում զոհվել ու վիրավորվել են աֆղանցի զինծառայողներ, անմեղ քաղաքացիներ, ներառյալ՝ լրագրողներ: «Չսխալվեք, Աֆղանստանի թշնամիները չեն կարող հաղթել, նմանօրինակ գործողությունները միայն ուժեղացնում են մեր ամուր հանձնառությունն Աֆղանստանի ժողովրդի հանդեպ»,- ընդգծել է գեներալը:

Առաջին պայթյունն իրականացվել է առավոտյան ժամը 8-ի սահմաններում․ ինքնասպան ահաբեկիչն ականապատված մոտոցիկլետը պայթեցել է Աֆղանստանի հետախուզական ծառայության կենտրոնակայանի մոտ: 20 րոպե անց որոտացել է երկրորդ պայթյունը, այն իրականացրել է իբրև օպերատոր քողարկված ինքնասպան ահաբեկիչը: Վերջինս իրեն պայթեցրել է հենց լրագրողների խմբի մեջ, որոնք ժամանել էին նկարահանելու և լուսաբանելու առաջին պայթյունի հետևանքները:

Երկու պայթյուններն էլ իրականացվել են Քաբուլի Շաշ-Դարակ թաղամասում: Այնտեղ են տեղակայված Աֆղանստանի կառավարական շենքերը, նախագահի նստավայրը, ինչպես նաև Միացյալ Նահանգների դեսպանատունն ու Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության կենտրոնը:

Գերմանական DPA գործակալությունը հաղորդում է մեկ այլ պայթյունի մասին, որն այսօր իրականացվել է Աֆղանստանի հարավում: Ըստ այդ լուրի՝ պայթյունի հետևանքով 11 երեխա է զոհվել, 16 մարդ վիրավորվել է, որոնց թվում՝ ռումինացի զինվորներ: Վկայակոչելով տեղի ոստիկանությանը, DPA-ը հաղորդում է, որ ինքնասպան ահաբեկիչը պայթյունն իրականացրել է այն պահն, երբ օտարերկրյա զինվորականների ավտոշարասյունը անցնելիս է եղել մզկիթի մոտով:

Այս տարվա սկզբից Աֆղանստանում հարյուրավոր մարդիկ են զոհվել ահաբեկչական հարձակումների հետևանքով: Մեկ շաբաթ առաջ Քաբուլում իրականացված պայթյունի հետևանքով 60 մարդ էր զոհվել, շուրջ 120-ը՝ վիրավորվել:

Աֆղանստանում ահաբեկչական հարձակումները հաջորդեցին «Թալիբան» շարժման կողմից կառավարության առաջարկը կտրականապես մերժելուց հետո: Աֆղանստանի կառավարությունը թալիբներին առաջարկել էր բանակցություններ սկսել՝ երկրում խաղաղություն հաստատելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG