«Գրական թերթի» գլխավոր խմբագիր, դրամատուրգ, արձակագիր Կարինե Խոդիկյանի համոզմամբ, առաջիկայում սպասվում է «Հանրապետականի անվերապահ քաղաքական կապիտուլյացիան»․ - «Երբ գալիս է այն պահը, երբ խորհրդարանում ժողովրդի կողմից միասնական թեկնածուին պետք է ընտրեն, և այստեղ այդ չարաբաստիկ 6-7 տոկոս չկա, կա ամբողջ մի ժողովուրդ, այստեղ բոլոր խմբակցությունները և առանձին պատգամավորները պիտի իմանան, որ իրենք հաշվետու են ժողովրդի առաջ: Ցանկացած երկրում, եթե վարչապետը իր ֆիասկոն հայտարարում է, կառավարությունը հրաժարական է տալիս, կուսակցությունը, որ քսան տարի կուսակցություն է եղել, ինչո՞ւ չի հասկանում, որ հենց այդ պահից ինքը պիտի դուրս գար քաղաքական խաղից: Այ դա կլիներ բարոյական: Նրա միակ ճիշտ քայլ էր՝ Սերժ Սարգսյանից հետո հայտարարել, որ իրենց ղեկավարը սխալվել է և հրապարակավ, ի լուրջ ամբողջ աշխարհին հայտարարել է, ուրեմն մեր գործունեությունը նույնպես սխալ է: Եվ ասել, որ այս պահից ինքը քաղաքական դաշտից հեռանում է»:
Վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած ներաղաքական զարգացումները, Սերժ Սարգսյանի հրաժարականը Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի գնահատմամբ, աննախադեպ է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում․ - «Ես առավել քան համոզված եմ, որ Հայաստանում տեղի ունեցան հրաշալի իրադարձություններ, հրաշալի բան փոխվեց, ընթացքի մեջ է: Մենք վաղվա օրը ունենք, որ վճռորոշ կարող է լինել, ու սկսվի շատ լուրջ աշխատանքային փուլ, որին, կարծում եմ, հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է առավելագույնս իր նպաստը բերել, օգնել այս խայտառակ իրավիճակը, որ տասնամյակներ կար մեր պետության մեջ, այդ հարցերը, որպեսզի լուծվեն: Մեծ հույս ունեմ, որ Ազգային ժողովը իրոք ճիշտ որոշում կկայացնի և ժողովրդի թեկնածուին կտա իր քվեն: Ինձ համար չկա մի ոլորտ, որը ապականված չլինի Հայաստանում, և որ անհրաժեշտ չլինի շտկելու, բուժելու, հիմնովին ապամոնտաժելու և նորը կառուցելու»:
Երևանի տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի խոսքով, չափազանց անհրաժեշտ է սթափ, իրատեսական հայացք ունենալ՝ անկախ այն հանգամանքից, թե որ դաշտում ես գործում․ - «Հաճախակի իշխանավորները մտածում են, որ այն, ինչ որ եղել է ուրիշների հետ, իրենց հետ չի լինի, իրենք դուրս կմնան այդ օրինաչափությունից․․․ Կյանքը հետո դաժան պատժում է: Բոլոր նրանք, ովքեր հայտարարում էին, որ մենք եկել էինք տասնամյակներով մնալ, ինչպես ՀՀՇ-ն, ինչպես կոմունիստները, ինչպես նացիոնալ-սոցիալիստները Գերմանիայում․․․ Մի ասեք տենց հիմարություններ, որովհետև հետո կյանքը ամեն ինչ դնում է իր տեղը, և դուք հայտնվում եք շատ ծիծաղելի վիճակում: Անձամբ ինձ համար չկա լավ ու վատ իշխանություն: Կա վերահսկվող իշխանություն և չվերահսկվող իշխանություն: Վերահսկվողը լավն է, չվերահսկվողը՝ վատը»:
Բաբայանը վաղը կայանալիք ընտրությունների հետ կապված մեկ ցանկություն ունի․ - «Որ այս ընտրությունները լինեն վերջինը Հայաստանում, որտեղ մեկ թեկնածու է․․․ Մենք հասկանում ենք, որ գտնվում ենք այնպիսի իրավիճակում, երբ թեկնածուն ոչ թե կուսակցական է, այլ ժողովրդի կողմից առաջարկված: Եվ կարծում եմ, որ որևէ վիրավորական բոլոր կուսակցությունների համար, որոնք ներկայացված են Ազգային ժողովում, միանշանակ պաշտպանել: Որովհետև հակառակ դեպքում դուք հակադրվում եք ոչ թե կուսակցության, այլ հանրության շատ մեծ մասի: Կարծում եմ, հանրությունն առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի հետ կապում է հույսեր շատ կտրուկ ռեֆորմների»:
«Ես ուզում եմ ասել, որ այս պատմության մեջ բոլորն իրենց շատ կարգին պահեցին: Մի քիչ շուտ, մի քիչ ուշ՝ բայց կարգին պահեցին, պահեցին որպես այս երկրի քաղաքացի: Բացի մի հոգու, բացի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանից», - եզրափակեց Բաբայանը: