Այսօր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ուես Միթչելի միջև:
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին։ ԱԳՆ ղեկավարն ու պետքարտուղարի տեղակալը համակարծիք էին, որ ստեղծված իրավիճակի լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը պետք է ընթանան ՀՀ Սահմանադրության շրջանակում:
Նալբանդյանն ու Միթչելը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի շուրջ։ Զրուցակիցները վերահաստատել են իրավիճակի լարման բացառման անհրաժեշտությունը և այս առումով կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության առավել խորացման ուղղությամբ համատեղ քայլերին: