«Հիմա մեր խնդիրը համերաշխության, նորմալ, աշխատանքային մթնոլորտի ձևավորումն է, և բոլոր հարցերին մենք կմոտենանք հենց այդ տեսանկյունից», - հայտարարեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող Նիկոլ Փաշինյանը «Ելք» խմբակցության այսօրվա նիստից հետո, որի ժամանակ նա առաջադրվեց վարչապետի թեկնածու:
«Հանրապետական խմբակցության հետ հանդիպման արդյունքներով պարզ կդառնա հարցի պատասխանը»
«Ազատություն»․ - Արդեն իսկ առաջադրել է «Ելք»-ը Ձեր թեկնածությունը վարչապետի պաշտոնում, սակայն գլխավոր խնդիրը՝ արդյո՞ք հանրապետականներից կքվեարկեն Ձեր օգտին, դրանից է կախված Ձեր ընտրությունը: Դուք այս հարցում խնդիրներ տեսնո՞ւմ եք, թե՞ կարծում եք՝ այս հարցը արդեն իսկ լուծված է:
Նիկոլ Փաշինյան․ - Մենք այսօր Հանրապետական խմբակցության ներկայացուցիչների կամ ամբողջ խմբակցության հետ հանդիպում կունենանք, և այդ հանդիպման արդյունքներով պարզ կդառնա հարցի պատասխանը:
«Ազատություն»․ - Դեռևս խնդրահարույց ինչ-որ իրավիճակ կա՞, Ձեր կարծիքով: Նկատի ունեմ՝ դեռ պետք է համոզե՞ք նրանց, թե՞ արդեն որոշված է այս հարցը:
Փաշինյան․ - Ոչ որոշված է, ոչ էլ պետք է համոզեմ, այսինքն՝ կա քաղաքական իրավիճակ, և, էլի եմ ասում, խնդիրը այն մասին չէ, որ ինչ-որ մեկին նշանակել կամ չնշանակել, ընտրել կամ չընտրել վարչապետ, խնդիրը ճգնաժամը հանգուցալուծելու մասին է, խնդիրն այն մասին է, թե հանգուցալուծվո՞ւմ է վաղը այս քաղաքական իրավիճակը, թե՞ չի հանգուցալուծվում:
«Ազատություն»․ - Կգտնվի՞ այդ անհրաժեշտ վեց հոգին, կարծում եք:
Փաշինյան․ - Այս հարցի պատասխանը, կարծում եմ, Հանրապետական խմբակցության ներկայացուցիչները իրենք կտան:
«Ժամանակ չեմ ունեցել Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը ծանոթանալու»
«Ազատություն»․ - Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ճամպրուկ չէ իշխանությունը, որ վերցնեն ու տան Նիկոլ Փաշինյանին, և Դուք ուլտիմատումներ ներկայացնելով անգամ մարդկանց ինքնասիրության հետ եք խաղում՝ ստիպելով նրանց գնալ իրենց սկզբունքների, համոզմունքնհերի դեմ: Ինչպե՞ս կարձագանքեք:
Փաշինյան․ - Ճիշտն ասած, ժամանակ չեմ ունեցել Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը ծանոթանալու:
«Պետք է հենց առաջին օրվանից սկսենք երաշխիքների ձևավորումը ազատ, արդար և օրինական ընտրություններ անցկացնելու համար»
«Ազատություն»․ - Ընտրվելու դեպքում Դուք կարո՞ղ եք երաշխավորել, որ բոլոր այն Ձեր կողմից մատնանշված խնդիրները՝ օլիգարխիան, իշխանությունը և բիզնեսը իրարից տարանջատելու, դատարանների անկախություն, այս ամենը լուծվելու են: Ի վերջո, Դուք էլ եք ընդունել, որ այս ամբողջ շարժման նպատակը ոչ թե մի վարչապետին մյուսով փոխարինելն է, այլ իրական արժեքների հեղափոխություն անելը: Դուք կարո՞ղ եք վստահեցնել, որ Ձեր ընտրության դեպքում Դուք իսկապես քայլ առ քայլ բոլոր այդ խնդիրները լուծելու եք, որոնց համար և ժողովուրդը դուրս է եկել փողոց:
Փաշինյան․ - Իհարկե, հակառակ դեպքում էս պրոցեսը իսկապես իմաստ չի ունենա, որովհետև մեր բոլորի խնդիրը իրական և դրական փոփոխություններ բերելն է, հակառակ դեպքում՝ ինչի՞ համար այս ամեն ինչը:
«Ազատություն»․ - Նկատի ունեմ՝ Դուք կկարողանա՞ք իսկապես համակա՛րգը կազմալուծել, այս դեպքում արդեն անձերի խնդիրը չէ՝ համակարգը:
Փաշինյան․ - Եթե Դուք նկատի ունեք կոռուպցիան, եթե Դուք նկատի ունեք մնացած նեգատիվ երևույթները, այո, ես համոզված եմ, որ կկարողանամ:
«Ազատություն»․ - Ո՞ւմ միջոցով եք Դուք դա անելու, ինչպե՞ս եք պատկերացնում:
Փաշինյան․ - Ինչ որ արել ենք մինչև հիմա՝ ամեն ինչ արել ենք ժողովրդի միջոցով և շարունակելու ենք անել [ժողովրդի միջոցով]:
«Ազատություն»․ - Չե՞ն լինելու Ձեր շրջապատում այն անձինք, ում տեսել է հանրությունը և ում նաև մեղավոր է համարել այդ ամենում:
Փաշինյան․ - Գիտե՞ք, ես լավ չհասկացա՝ Դուք ում նկատի ունեք, բայց իմ շրջապատը հայտնի է, և, նկատի ունեմ, մենք խոսում ենք էլի, Դուք ասում եք համակարգը, նեգատիվ երևույթները վերացնելու մասին, և ես համոզված եմ, որ բոլոր էդ նեգատիվ երևույթները կվերացվի: Ես հիմա չեմ ուզում հարցերը քննարկել անուն-ազգանունների մակարդակով և ընդհանրապես ճիշտ էլ չի հիմա ու ընդհանրապես անուն-ազգանուններ քննարկել, պետք է սկզբունքներ քննարկել և այդ սկզբունքները կիրառել:
Վարչապետի պաշտոնում իր առաջին քայլերի մասին լրագրողների հարցին ընդդիմադիր գործիչը պատասխանեց․ - «Առաջին քայլերը պետք է լինեն հենց նշված խնդիրների շուծմանն ուղղված քայլերը, և մենք, քանի որ ժամանակի խնդիր կա և լուծելու խնդիր կա, պետք է հենց առաջին օրվանից սկսենք երաշխիքների ձևավորումը ազատ, արդար և օրինական ընտրություններ անցկացնելու համար»:
«Ազատություն»․ - Մոտավորապես ի՞նչ ժամկետներում եք Դուք դա տեսնում:
Փաշինյան․ - Տրամաբանական, հնարավորինս կարճ, բայց՝ տրամաբանական ժամկետներում: Ես չեմ կարող հիմա ժամկետներ նշել, որովհետև այս կապակցությամբ պետք է նաև քննարկումներ ունենանք, այլ ուժերի պատկերացումները նաև իմանանք և պետք է մաքսիմալն անենք, որպեսզի իրապես հավասար հնարավորություններ ստեղծենք:
«ԵՏՄ-ից դուրս գալու խնդիր չենք դնում»
«Ազատություն»․ - Երեկ հանդիպել էիք նաև Ռուսաստանի Պետդումայի ներկայացուցիչներին, Դուք ասացիք, որ վստահեցրել եք, որ հետքայլ չի լինելու հարաբերություններից․․․
Փաշինյան․ - Հետքայլ․․․ ասել եմ, որ ռևերս չի լինելու:
«Ազատություն»․ - Այո, և ավելի խորացնելու եք հարաբերությունները: Ես ուզում եմ հասկանալ՝ արդյո՞ք Դուք հրաժարվել եք Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու Ձեր ցանկությունից: Ի վերջո, այդ հարցով նաև «Ելք»-ը, մենք հիշում ենք, լսումներ կազմակերպեց: Ինչ-որ բան փոխվե՞լ է այս հարցում, թե՞ ուժի մեջ է:
Փաշինյան․ - Երբ որ դու ընդդիմություն ես, և ընդդիմությունը հնարավորություն չունի պրոբլեմները, որոնք կան այս կամ այն կառույցում, քննարկել այդ կառույցի գործադիր մակարդակում, այսինքն՝ իշխանությունների հետ համապատասխան երկրների, և ընդդիմության պարագայում դա տարբերակներից մեկն է, որպեսզի էդ պրոբլեմները բարձրաձայնվեն և համապատասխան արձագանք ստանան: Երբ որ դու իշխանություն ես, իշխանություն ես ներկայացնում, հնարավորություն ունես էդ բոլոր պրոբլեմները համապատասխան փաստաթղթավորել, գնալ և քննարկել գործընկեր երկրների հետ և համբերատար, երկխոսության մթնոլորտում բոլոր խնդիրները լուծել: Եվ ես համոզված եմ, որ մեր քննարկումների արդյունքում մենք դրական, պոզիտիվ արդյունքներ կունենանք:
«Ազատություն»․ - Հիմա այդ հարցը առկախվա՞ծ է, թե՞ փոխել եք Դուք ԵՏՄ-ից դուրս գալու․․․
Փաշինյան․ - Ես հայտարարել եմ, ու քանի որ ես հայտարարել եմ, որ մենք ԵՏՄ-ից դուրս գալու խնդիր չենք դնում, չենք դնելու, բայց դա չի նշանակում, թե մենք ասում ենք, որ ԵՏՄ-ում խնդիրներ չկան, և մենք բոլոր էդ խնդիրները Եվրասիական տնտեսական միության գործընկեր երկրների հետ կքննարկենք:
«Ազատություն»․ - Այսինքն, դիրքորոշման փոփոխությո՞ւն է տեղի ունեցել, կարո՞ղ ենք դա արձանագրել:
Փաշինյան․ - Ո՞ւմ դիրքորոշման փոփոխություն:
«Ազատություն»․ - «Ելք» խմբակցության:
Փաշինյան․ - «Ելք» խմբակցության դիրքորոշման մասին չի խոսքը, Հայաստանի հնարավոր, պոտենցիալ նոր կառավարության դիրքորոշման մասին է խոսքը:
«Կարող եմ երաշխավորել, որ ամբողջական օրինականություն կհաստատվի»
«Ես կարող եմ երաշխավորել, որ վարչապետ ընտրվելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում ամբողջական օրինականություն կհաստատվի», - հայտարարեց ընդդիմադիր գործիչը: Վարչապետ ընտրվելու դեպքում իր երկրորդ քայլը, նշեց նա, «պետք է լինի կառավարության ձևավորումը, որի համար սահմանված է 15-օրյա ժամկետ, որից հետո 20-օրյա ժամկետում պետք է տեղի ունենա կառավարության ծրագրի քննարկումը»:
«Մարտի 1»-ը՝ մեր պատմության այդ էջը պետք է ամբողջական բացահայտվի»
Հարցին՝ շարունակո՞ւմ է պնդել, որ «Մարտի 1»-ի գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է անպայման հարցաքննվի, և վարչապետ դառնալուց հետո ձեռնամուխ կլինի՞ դրան, Փաշինյանը արձագանքեց․ - «Ես կարծում եմ, որ «Մարտի 1»-ի գործի բացահայտումը կարևորագույն խնդիրներից է, և մեր պատմության այդ էջը պետք է ամբողջական բացահայտվի: Ես հիմա իմ այսօրվա կարգավիճակի բերումով չեմ կարող այլ հայտարարություններ անել, բայց իմ տեսակետները դուք գիտեք: Ես պնդում եմ, որ պետք է նորմալ նախաքննություն ընթանա»:
«Ազատություն»․ - Անհանգստացա՞ծ է Ռոբերտ Քոչարյանը, դրանո՞վ է պայմանավորված այս հարցազրույցը:
Փաշինյան․ - Չեմ կարող ասել:
«Անհրաժեշտ է ստեղծել աշխատանքային մթնոլորտ և երկրում հաստատել համերաշխության մթնոլորտ»
Խորհրդարանական մեծամասնության՝ Հանրապետական խմբակցության հետ, Փաշինյանի խոսքով, «էս պահին ոչ մի համաձայնություն չկա, որովհետև տեղի է ունեցել աշխատանքային նախնական քննարկում, որի հիմնական նպատակը եղել է արդեն բուն հանդիպումը և մեխանիզմը խոսակցության քննարկելը»: «Էսօր կլինի հանդիպում՝ կա՛մ կլինի համաձայնություն, կա՛մ չի լինի համաձայնություն», - նշեց նա:
«Ազատություն»․ - Ընտրական օրենսգրքում ռեյտինգային ընտրակարգը Դուք նախատեսում եք ընդհանրապես վերացնե՞լ, հանե՞լ:
Փաշինյան․ - Այո, կա այդպիսի գաղափար:
«Ազատություն»․ - Եվ Դուք կարծում եք, որ իշխող մեծամասնությունը խորհրդարանում բոլոր Ձեր այդ փոփոխություններին քվեարկելո՞ւ է, և Դուք ունենալո՞ւ եք բավարար ձայներ:
Փաշինյան․ - Ես չեմ կարող էդպիսի պնդում անել, որովհետև, ասում եմ, դեռևս քննարկումներ չկան: Կլինեն քննարկումները՝ քննարկումների արդյունքում կգանք ընդհանուր եզրակացության և կտեսնենք, թե ինչ է լինում: Ես խնդիրը այլ կերպ եմ ձևակերպում՝ ես ասում եմ, որ անհրաժեշտ է ստեղծել աշխատանքային մթնոլորտ և երկրում հաստատել համերաշխության մթնոլորտ, և ընդհանրապես ներհայաստանյան թշնամանքի էջը փակել և բոլոր հարցերի քննարկման համար բավարար անհրաժեշտ նորմալ պայմաններ ստեղծել:
<...>
Մենք հիմա պետք է հասկանանք, որ կանգնած ենք ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու անհրաժեշտության առաջ, և մենք պետք է հանգուցալուծենք այդ ներքաղաքական ճգնաժամը: Եվ բոլոր այն խելամիտ քայլերը, որոնք անհրաժեշտ կլինի անել ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար, այդ քայլերը կարվեն: Դա չի նշանակում, որ հիմա ես խոսում են որևէ կոնկրետ սցենարի մասին: Քննարկումների արդյունքներով կկայացվեն որոշումներ, և ի վերջո, ասում եմ՝ վաղը, առաջին հերթին, պետք է տեղի ունենան վարչապետի ընտրություններ, և ես ասել եմ, որ հույս ունեմ և կարծում եմ, որ վարչապետի ընտրությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների: Այսինքն՝ դա է կարևորը աշխատանքային մթնոլորտ ձևավորելու համար:
«Ազատություն»․ - Հանրապետական խմբակցության հետ հանդիպման ժամանակ Դուք ի՞նչ եք հորդորելու նրանց՝ որ Ձեզ կո՞ղմ քվեարկեն: Այսինքն, ո՞րն է լինելու Ձեր հորդորը, Ձեր խոսքը այս հանդիպմանը:
Փաշինյան․ - Ես արդեն ասաց, որ քննարկման թեման, ընդհանրապես բոլորի հետ քննարկման թեման ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծումն է: Այսինքն՝ էլի եմ ասում, էստեղ խնդիր չի գնում ինձ վարչապետ ընտրել-չընտրելու մասին, խնդրի բովանդակությունը ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելն է, և մենք պետք է մտածենք դրա մասին: Որովհետև եթե չի տեղի ունենում ընտրությունը, ներքաղաքական ճգնաժամը խորանում է:
«Այս ժողովրդական զարթոնքը բարձրացնում է նաև Հայաստանի անվտանգության մակարդակը»
Հայաստանյան ներկայիս իրադարձությունների՝ Լեռնային Ղարաբաղի հարցում, մասնավորապես՝ սահմաններին, շփման գծում իրավիճակի վրա հնարավոր ազդեցության առնչությամբ նա հայտարարեց․ - «Մենք կարծում ենք, որ այս ժողովրդական զարթոնքը բարձրացնում է նաև Հայաստանի անվտանգության մակարդակը, որովհետև, կարծում եմ, բոլորին ակնհայտ է, որ այս ամենի արդյունքում թե՛ ժողովրդի և թե՛ բանակի մարտական ոգին բարձրանում է: Ես, իհարկե, լիարժեք սատարում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին, և, իհարկե, վարչապետ ընտրվելու պարագայում առաջին քայլերից մեկը կլինի անվտանգության հետ կապված օպերատիվ իրավիճակին ծանոթանալը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելը»:
Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը, հայտարարեց Փաշինյանը, չի փոխվել․ - «Ադրբեջանի դիրքորոշումը ոչ-կառուցողական է, ագրեսիվ է, և այն պայմաններում, երբ Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որ նրանք պետք է գրավեն Երևանը, ուրեմն՝ մեր հիմնական խնդիրն է հետևողականորեն ուժեղացնել մեր բանակը, հետևողականորեն ուժեղացնել մեր բանակի մարտունակությունը, մարտական ոգին, հետևողականորեն բարձրացնել մեր հանրության ընդհանուր տրամադրությունը և այդպիսով՝ երկրի պաշտպանունակությունը, և դա է ճանապարհը Ադրբեջանին բերելու կառուցողական դաշտ: Իսկ այն պայմաններում, երբ որ Ադրբեջանը նման ոչ-կառուցողական հայտարարություններ է անում, կարծում ենք՝ բանակցությունների շարունակման համար պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ի վերջո նպաստեն, որպեսզի Ադրբեջանը վերջ տա իր ագրեսիվ ռիտորիկային և վերադառնա կառուցողական խոսակցության շուրջ»:
«Ազատություն»․ - Պաշտպանության նախարարի փոփոխություն տեսնո՞ւմ եք:
Փաշինյան․ - Այդ հարցերին միայն երբ որ դրա իրավասությունը արդեն պաշտոնապես կունենամ, այդ ժամանակ կպատասխանեմ:
«Չի կարելի, երբ նույն մարդը երկրում հա՛մ վարչապետ է, հա՛մ դատավոր, հա՛մ դատախազ, հա՛մ քննիչ»
«Ազատություն»․ - Արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում էլի «Ելք»-ո՞վ եք մասնակցելու, թե՞ բոլորովին այլ դասավորվածություն կլինի:
Փաշինյան․ - Երբ որ կգա այդ հարցը քննարկելու ժամանակը, կքննարկենք:
Ընդդիմադիր գործիչը կրկին հայտարարեց․ - «Ընդհանուր առմամբ, երաշխավորում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կլինի լիարժեք օրինականություն: Ես հիմա չեմ կարող որևէ մեկի մասին հայտարարություն անել մեղավորության կանխավարկածով՝ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների նկատմամբ գործում է անմեղության կանխավարկածը, և ըստ այդմ էլ իրականությունում կդասավորվի»:
«Ազատություն»․ - Ձեր դիրքորոշումներում, մոտեցումներում փոփոխությո՞ւն է տեղի ունեցել: Ի վերջո, մենք հիշում ենք նաև Ձեր քննադատական բազմաթիվ ելույթներ տարբեր անձանց, նրանց կարողությունների, եկամուտների ձեռքբերման մասին, իսկ այժմ կարծես թե մի փոքր ավելի մեղմացնում եք: Ձեր կարգավիճա՞կն է Ձեզ ստիպում:
Փաշինյան․ - Մեղմացման մասին չի խոսքը, խոսքը նրա մասին է, որ երբ որ մենք իշխանություն ներկայացնենք, իշխանության տարանջատումը, իշխանության թևերի տարանջատումը ամենակարևոր սկզբունքներից մեկն է: Չի կարելի, երբ որ նույն մարդը երկրում հա՛մ վարչապետ է, հա՛մ դատավոր, հա՛մ դատախազ, հա՛մ քննիչ, հա՛մ օպերատիվ աշխատող, և, չգիտեմ, ուրիշ գերագույն, էդ ժամանակ են պրոբլեմները սկսում: Ես կարծում եմ, որ իշխանության դերը իշխանության մարմինների, թևերի բնականոն և օրինական գործունեությունը ապահովելն է, այսինքն՝ դրա քաղաքական պատասխանատվությունը ընկնում է կառավարության վրա: Մնացած գործառույթները պետք է իրենք՝ այդ մարմինները իրականացնեն: Եվ ես կարող եմ երաշխավորել, որ բոլոր մարմինների իշխանության տարանջատման սկզբունքը կպահպանվի, և ես չեմ պատրաստվում Հայաստանի Հանրապետության վարչապետի կարգավիճակում լինել և՛ վարչապետ, և՛ դատախազ, և՛ դատավոր, և՛ քննիչ, և՛ քրեակատարողական հիմնարկի պետ, և այլն, և այլն, և այլն:
Այսինքն՝ հակառակ դեպքում մենք կընկնենք էլի նույն դաշտ, երբ որ մի կետից որոշվում է՝ ով է մեղավոր, ով՝ անմեղ, ով է արժանի ազատության մեջ մնալու, ով է արժանի անազատության մեջ մնալու:
Ուրեմն, բոլոր հարցերը կլուծվեն Հայաստանի Հանրապետության օրենքների և միջազգային կոնվենցիաների և մարդու իրավունքների հանրահայտ․․․
«Ազատություն»․ - Բարձրագույն դատական խորհրդում փոփոխություններ նախատեսո՞ւմ եք:
Փաշինյան․ - Ես չեմ կարող էսօր ամեն ինչի մասին հիմա էստեղ ձեր ներկայությամբ բոլոր նշանակումները անել, բոլոր փոփոխությունները անել: Հիմա ես վարչապետի թեկնածու եմ, ով պատրաստվում է հանդիպումներ ունենալ խմբակցությունների հետ: Վաղը տեղի են ունենալու վարչապետի ընտրություններ, կլինեն ընտրություններ․․․ այսինքն՝ վաղը հնարավոր են տարբեր սցենարներ, ամեն սցենար իր հետ բերելու է ինչ-որ մի գործողություն: Հիմա ես չգիտեմ՝ վաղը գործողությունը լինելու է սկսել կառավարությո՞ւն ձևավորել, թե՞ <...>, ասենք, հրապարակում ինչ-որ միջոցառում ունենալ:
«Ազատություն»․ - Այսինքն, վստահ չեք դեռ, որ կընտրվեք:
Փաշինյան․ - Վստահության մասին չէ, ես սովորաբար սիրում եմ հաշվի նստել փաստերի հետ: Քանի դեռ չկա կայացած փաստ, ուրեմն՝ չկա կայացած փաստ, և ձեռնպահ կմնամ էդ փաստից բխող հարցերի պատասխանել: