Ազգային անվտանգության ծառայությունը այսօր հաղորդագրություն է տարածել, տեղեկացնելով այն մասին, որ դեռ փետրվարի 13֊ին ԱԱԾ֊ի կողմից կանխվել է ՌԴ քաղաքացի, Մախաչկալա քաղաքի բնակիչ Սուլեյմանգաջի Բագանդգաջիևի՝ ՀՀ քողարկված մուտք գործելու փորձը։
ԱԱԾ հաղորդագրության համաձայն, նախնական տվյալներ են ձեռք բերվել միջազգային ահաբեկչական կազմակերպություններից մեկի կողմից Բագանդգաջիևի հավաքագրման և վարձատրության դիմաց 2015 թվականի մայիս ամսից Սիրիայի Արաբական Հանրապետությունում զինված ընդհարումներին վերջինիս մասնակցության վերաբերյալ։ Քննչական գործողությունների ընթացքում տվյալներ են ստացվել նաև Ս.Բագանդգաջիևի կողմից Երևանի և ՀՀ այլ քաղաքների առանձին տեղանքների նկատմամբ ցուցաբերված հետաքրքրության վերաբերյալ։
«Ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու և ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով Ս.Բագանդգաջիևին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ և 329-րդ հոդվածների 1-ին մասերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը», ֊ ասված է հաղորդագրությունում։