Մատչելիության հղումներ

«Պատրաստ եմ պատասխանատու ձևով ստանձնել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը»․ Փաշինյան


«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը այսօր Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքում հայտարարեց, որ պատրաստ է ստանձնել վարչապետի պաշտոնը:

«Ես հիմա ուզում եմ շատ հստակ պատասխանել Հայաստանի Հանրապետության օդում կախված մի հարցի, և ես ուզում եմ ուղիղ, շատ հստակ, ձեր բոլորի աչքերի մեջ նայելով, ամենայն վստահությամբ հայտարարել, որ՝ այո՛, պատրաստ եմ պատասխանատու ձևով ստանձնել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, որովհետև ծառայում են Հայաստանի ժողովրդին», - հայտարարեց Փաշինյանը:

Նրա այս հայտարարությունը ջերմ ընդունելության արժանացավ հրապարակում հավաքված հազարավոր աջակիցների մոտ:

«Իմ քայլը» շարժման առաջնորդը նաև խոսեց առաջիկա օրերի ծրագրի մասին: Հիշեցնելով, որ վերջին մեկ ամսվա ընթացքում օրվա «90 տոկոսը» անց է կացրել փողոցներում, դաշտերում, անտառներում, հրապարակներում, Փաշինյանը նշեց․ - «Վաղը առավոտից ես շատ կարևոր աշխատանք ունեմ անելու Ազգային ժողովում: Ես պետք է հանդիպում ունենամ խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի այդ քննարկումների արդյունքում օրվա վերջում ձեզ կարողանամ տեղեկատվություն տալ, որ ձեր առաջադրած թեկնածուի ընտրությունը մայիսի 1-ին վարչապետի պաշտոնում երաշխավորված է»:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ ընդդիմադիր գործիչը աջակիցներին հորդորեց վաղը դադար վերցնել և քաղաքացիական անհնազանդության ոչ մի գործողություն չիրականացնել, որպեսզի հնարավորություն ունենա իր թիմի հետ Ազգային ժողովում քաղաքական «կոնկրետ աշխատանքները ավարտին հասցնել» ու պարզաբանեց․ - «Ես չեմ կարողանա գրասենյակային պայմաններում հանգիստ աշխատել, եթե իմանամ, որ Հանրապետության տարբեր հատվածներում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում»:

Փաշինյանը նաև կոչ արեց դադարեցնել հանրապետական պատգամավորների առաջ հեռախոսազանգերի, հաղորդագրությունների և նամակների միջոցով «պահանջներ դնելը»:

«Նախնական պայմանավորվածության համաձայն ես վաղը ձեր անունից հանդիպելու եմ նրանց, որպես վարչապետի թեկնածու, որպեսզի մենք մեր օրակարգը ի վերջո ամբողջական քննարկենք և իրականություն դարձնենք», - հավելեց նա:

Փաշինյանը պատրաստվում է վաղը ժամը հինգին երթ սկսել Գարեգին Նժդեհի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ կներկայացնի բանակցությունների արդյունքները:

«Ամեն դեպքում մյուս օրը [մայիսի 1-ին], առավոտվանից՝ ժամը 8-ից, բոլոր մարզերից հավաքվում ենք Հանրապետության հրապարակում», - հավելեց նա, - «Իսկ թե այդ օրը ինչպես կանցկացնենք, որտեղ կանցկացնենք, կախված կլինի այդ առավոտ Հանրապետությունում ստեղծված քաղաքական իրավիճակից»:

Խորհրդարանը մայիսի 1-ին նշանակված հատուկ նիստում նոր վարչապետ է ընտրելու: Նիկոլ Փաշինյանը հանրահավաքներում իր ելույթներում թե՛ ինքն է կոչ անում խորհրդարանական մեծամասնության՝ Հանրապետական խմբակցության պատգամավորներին և թե՛ հորդորում է ճնշում գործադրել նրանց վրա, որպեսզի նրանք ձայն տան, իր բնորոշմամբ, ժողովրդի՝ ցուցարարների աջակցությունը վայելող թեկնածուի օգտին:

Սերժ Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց ապրիլի 23-ին՝ ընտրվելուց և նշանակվելուց մի քանի օր անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG