Մատչելիության հղումներ

Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի խորհրդարանում մյուս երեք ուժերի միասնական թեկնածուի ընտրությանը


Ազգային ժողովում մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի խորհրդարանում մյուս երեք ուժերի միասնական թեկնածուի ընտրությանը, այսօր հայտնի դարձավ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի և «Իմ քայլը» շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո։

«Եթե Ազգային ժողովի 3 քաղաքական ուժերը կունենան միասնական թեկնածու՝ անուն չի նշվում, մենք որևէ խոչընդոտ չենք հանդիսանա թեկնածուին, որը կանվանեն ժողովրդի թեկնածու: Մենք խոչընդոտ չենք հանդիսանա», - լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Լրագրողի ճշտող հարցին՝ այսինքն քվորում կապահովե՞ն, Բաղդասարյանը պատասխանեց՝ «այո»:

«Եվ նաև մենք կոչ ենք արել և առաջարկել ենք, որպեսզի ժողովրդի հանգիստը չխանգարվի, դադարեցնել այս ճանապարհների փակումը, միտինգները, որպեսզի մենք կանոնակարգված գնանք ամսի 1-ին ընտրությունների: Դա եղել է մեր պայմանավորվածությունը», - հավելեց Վահրամ Բաղդասարյանը:

Իր հերթին Փաշինյանը Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ՀՀԿ խմբակցությունում «կա այդպիսի կանխատրամադրվածություն, որ չխոչընդոտի ժողովրդի թեկնածուի ընտրությանը Հայաստանի Հանրապետության վարչապետ»:

«Նախատրամադրվածությունը իրենց հետևյալն է, որ եթե մյուս խմբակցությունները հավատարիմ մնան իրենց նախնական դիրքորոշմանը, իրենք չեն խոչընդոտի ժողովրդի թեկնածուի ընտրությանը վարչապետի պաշտոնում», - հավելեց ընդդիմադիր գործիչը:

Նշենք, որ «Ելք» Խմբակցությունը հայտարարել է, որ առաջադրելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը որպես վարչապետ, առաջադրման փաստաթղթերը պատրաստ են: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարեց, որ սատարելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, Փաշինյանին սատարելու մասին այսօր հայտարարեց նաև կոալիցիայից դուրս եկած Դաշնակցությունը:

«Ես ողջունում եմ «Ծառուկյան» դաշինքի ու Հայ հեղափոխական դաշնակցության դիրքորոշումը և նաև գնահատում եմ Հանրապետական խմբակցության դիրքորոշումը, չնայած հույս ունեմ, որ նրանք էլ որոշում կկայացնեն՝ պաշտպանել իմ թեկնածությունը», - այս առնչությամբ հայտարարեց Փաշինյանը:

Վաղը սպասվում է քննարկում Հանրապետական խմբակցությունում, հանդիպում կլինի նաև Նիկոլ Փաշինյանի հետ: Ըստ Վահրամ Բաղդասարյանի, հենց վաղը կորոշվի, թե ինչպես է քվեարկելու Հանրապետականը: Թեև մինչ այս Հանրապետական խմբակցության որոշ պատգամավորներ նշել էին, որ իրենք Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը կողմ չեն քվեարկի, Վահրամ Բաղդասարյանն ասաց՝ Հանրապետականի դիրքորոշումը լինելու է միասնական և որոշվելու է վաղը քննարկման ընթացքում։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենց փողոցային ակցիաները շարունակվելու են, հանրահավաքները տեղի կունենան, փողոց փակելու գործողությունները կդադարեն, երբ հստակ քաղաքական պայմանավորվածություն լինի․ - «Իհարկե, այդ ակցիաները կլինեն իրավիճակին ադեկվատ: Մասնավորապես, թե ինչ ծավալներ կընդգրկեն այդ ակցիաները՝ դա կբխի իրավիճակի գնահատականից: Իհարկե, հանրահավաքները, բոլոր դեպքերում, տեղի կունենան և մայիսի 1-ին բոլոր դեպքերում մենք մարդկանց հրավիրում ենք տոնելու իրենց հաղթանակը»:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ըստ Փաշինյանի, պետք է հնարավորինս արագ անցկացնել՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո․ - «Ժամկետների մասին մենք, իհարկե, ունենք մեր պատկերացումները, բայց քաղաքական դաշտի տարբեր կողմերից անհանգստություններ են հնչում, որ եթե մենք ուզում ենք հավասար պայմաններ ապահովել, պետք է այնպես անենք, որ քաղաքական դաշտը, ընդհանուր առմամբ, պատրաստվի այդ իրադարձությանը: Մենք մտածում ենք, որ երկու ամսվա ընթացքում է պետք է անել ընտրությունները, բայց այս թեման մենք քննարկելի ենք համարում, որ կարող են նաև ժամկետները մի փոքր հետաձգվել, բայց տրամաբանության սահմաններում»:

Լրագրողներից մեկի հարցին՝ արտահերթ ընտրությունների անցկացումը կարո՞ղ է հետաձգվել մինչև մեկ տարով, Փաշինյանը պատասխանեց․ - «Ես կարծում եմ, որ մեկ տարին շատ երկար ժամկետ է: Կան ուժեր, ովքեր համարում են, որ մեկ տարին է ճիշտ ժամկետը, բայց ամեն դեպքում հարցը քննարկելի է, պետք է բոլոր փաստարկները կշռադատել»:

«Ծառուկյան» դաշինքի հետ համագործակցության մասին

«Ծառուկյան» դաշինքի հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ քննադատությանը Նիկոլ Փաշինյանն արձագանքում է․ - «Մենք խոսում ենք ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման մասին, մենք չենք խոսում անձնական հարաբերություններ պարզելու մասին: Եվ մենք պետական քաղաքական գործիչներ ենք և մեր բոլոր գործողությունների հիմքում պետք է լինեն ոչ թե մեր անձնական պատմությունները, այլ Հայաստանի ազգային շահերը: Եվ այսպես մենք վարվել ենք և այսպես մենք շարունակելու ենք վարվել»:

Մարտի 1-ի մասին

«Եթե Հայաստանում հաստատվի ժողովրդի իշխանություն, արդյո՞ք Մարտի 1-ը կբացահայտվի» հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ - «Ժողովրդի իշխանությունը երաշխավորում է, որ այդ ուղղությամբ ամեն ինչ կարվի, որպեսզի բացահայտվի: Որովհետև ես նախաքննության մարմին չեմ և նախաքննության տվյալներին չեմ տիրապետում, բայց կարծում եմ, որ կբացահայտեն»:

Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակության հետ

Այսօր Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակության հետ:

«Նրանց հետաքրքրել են մեր դիրքորոշումները մի շարք հարցերի վերաբերյալ և մենք ասել ենք, որ չենք պատրաստվում ռեվերսներ իրականացնել այդ ոլորտում և մտադիր ենք զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով՝ հաշվի առնելով և պաշտպանելով Հայաստանի ազգային շահերը», - այս առնչությամբ մեկնաբանեց ընդդիմադիր գործիչը:

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք Նիկոլայ Ռիժկովը, ով Փաշինյանի հասեցին ոչ կոռեկտ արտահայտություններով է հանդես եկել, ներկա եղել է այդ հանդիպմանը, Փաշինյանն արձագանքեց․ - «Ոչ, չի եղել Նիկոլայ Ռիժկովը, բայց քաղաքական լարված իրավիճակներում, էմոցիոնալ իրավիճակներում կարող են տարբեր բաներ պատահել և ես չեմ կարծում, թե դրանից պետք է քաղաքական հետևություններ անել»:

Խորհրդարանը մայիսի 1-ին նշանակված հատուկ նիստում նոր վարչապետ է ընտրելու: Նիկոլ Փաշինյանը հանրահավաքներում իր ելույթներում թե՛ ինքն է կոչ անում խորհրդարանական մեծամասնության՝ Հանրապետական խմբակցության պատգամավորներին և թե՛ հորդորում է ճնշում գործադրել նրանց վրա, որպեսզի նրանք ձայն տան, իր բնորոշմամբ, ժողովրդի՝ ցուցարարների աջակցությունը վայելող թեկնածուի օգտին:

Սերժ Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց ապրիլի 23-ին՝ ընտրվելուց և նշանակվելուց մի քանի օր անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG