Մատչելիության հղումներ

Ուսանողները քայլերթ անցկացրեցին՝ հայտարարելով իրենց պայքարի հաղթական փուլի մասին


Կիրակնօրյա ակցիաները մեկնարկեցին ուսանողների երթով։ Կեսօրին մոտ, հավաքվելով Երիտասարդական մետրոյի հարևանությամբ, ուսանողները որոշեցին քայլերթով անցել մի քանի պետական բուհերի մոտով՝ հայտարարելով իրենց պայքարի հաղթական փուլի մասին։

Առաջին կանգառը պետական համալսարանում էր։ Այստեղ մի քանի հայտարարություն արեց շարժման համակարգողներից Դավիթ Պետրոսյանը։ Մայր բուհի կենտրոնական մասնաշենքի առջև բարձրացվեց ինչպես պետհամալսարանի, այնպես մյուս բուհերի կառավարման խորհուրդների ապակուսակցականացման հարցը։ Հեղափոխությունից հետո սա պետք է լուծում ստանա՝ հայտարարեց Պետրոսյանը՝ նշելով՝ ու խոսքը միայն հանրապետական կուսակցության մասին չէ․ - «Մենք կարծում ենք, որ բուհում կուսակցական մարդու առկայությունը բացասական ազդեցություն է ունենալու բուհի ընդհանուր ինքնակառավարման, ինքնիշխանության, դրանով պայմանավորված՝ նաև կրթության որակի և ռեսուրսի օգտագործման վրա»:

Կուսակցական պատկանելություն չպետք է ունենան նաև ուսանողական խորհուրդները։ Սա էլ հայտարարության երկրորդ կետն էր։ Պետրոսյանը շեշտեց՝ ազատ մտքի հետապնդումը համալսարաններում պետք է դադարի, ուսխորհուրդն չպետք է սպասարկի ռեկտորատի շահերը․ - «Համալսարանում պետք է լինի նորմալ, կրթական, ակադեմիական մթնոլորտ, այլ ոչ թե լինի գաղջ, տխուր, հիասթափեցնող, ինչ֊որ մի խումբ մարդկանց շահերը սպասարկող ինչ-որ կառույց»:

Ապակուսակցականացման առաջին քայլերն արդեն արված են՝ հայտարարում են թատերական ինստիտուտի ուսանողները։ Դավիթ Պետրոսյանի հետո հարթակ բարձրանալով՝ նրանից մեկը շեշտեց՝ իրենք երեկ սկսել են Հանրապետականից հեռանալու գործընթացը․ - «Թատերական ինստիտուտի ուսանողական խորհուրդը դիմում ներկայացրեց Հանրապետական կուսակցությունից դուրս գալու: Հիմա Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական խորհուրդը չի պատկանում ոչ մի կուսակցության»:

Որևէ կուսակցությանը չպատկանելու հարցը օրենքի մակարդակով է լուծում պահանջում, «Բարձրագույն կրթության մասին» օրինագծից խոսելով՝ ասաց քայլերթի մասնակիցներից Վահան Կոստանյանը։ Ըստ նրա՝ նոր նախագիծն այս տեսանկյունից մտահոգիչ կետեր ունի, որոնք, սակայն, պետք է փոփոխվեն հեղափոխությունից հետո․ - «Բարձրագույն կրթության մասին նոր օրենքով վերջին պահին, ինչպես հարիր է Հանրապետական կուսակցությանը, բերեցին օրենքի նախագծում փոփոխություն կատարելու մասին առաջարկ, համաձայն որի կառավարման խորհուրդներում կարող էին տեղ գտնել մեկ կամ երկու քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք»:

Պետհամալսարանից քայլերթը շարունակվեց դեպի Բժշկական համալսարան։ Այստեղ արդեն ուսանողները մոտ 15 րոպեով փակեցին Աբովյան-Կորյուն խաչմերուկը։ Շարունակելով բուհերի ապակուսակցականացման թեման՝ Դավիթ Պետրոսյանն «Ազատության» հետ զրույցում հայտարարեց՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը կա՛մ պետք է հրաժարական տա, կա՛մ դադարեցնի անդամակցությունը Հանրապետական կուսակցությանը:

«Կուսակցական անձ ղեկավար պաշտոնում պետք է չլինի համալսարաններում», - նշեց ակտիվիստը:

Ուսանողական քայլերթն անցավ նաև ագրարային, պոլիտեխնիակական և ճարտարապետաշինարարական համալսարանների կողքով։ Հատկանշական է, որ մասնակիցների աճող թվին զուգահեռ չէր ավելանում ուղեկցող ոստիկանների քանակը։ Ընդամենը մի քանի իրավապահներ լուռ հետևում էին քայլերթին և մասնակիցներին մոտենում միայն երթուղին ճշտելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG