ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան մերժում է դաշնակից ԱՄՆ-ի նախազգուշացումները Ռուսաստանից С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման շուրջ: Ինչպես հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, 2,5 միլիարդ արժողությամբ С-400-ի ձեռքբերման համաձայնագիրը ստորագրվել է դեկտեմբերին և վերանայման ենթակա չէ:
Թուրք դիվանագետի խոսքերով Ռուսաստանը Անկարայի խնդրանքով «արագացնում է հրթիռային համակարգի մատակարարման գործընթացը»:
«Մենք ավարտին ենք հասցրել С-400-ի գնման գործընթացը: Իսկ «եթե գնեք պատժամիջոցներ կսահմանենք» մոտեցումը Թուրքիայի վրա չի ազդում, Թուրքիան դա չի ընդունում», - հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն՝ միևնույն ժամանակ հայտարարելով, թե Անկարան պատրաստ է այլ սպառազինություն ձեռք բերել ՆԱՏՕ-ից:
Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն լուրջ մտահոգություն է հայտնել Անկարայի՝ ռուսաստանյան հրթիռային համակարգերի ձեռքբերման մտադրությունների կապակցությամբ և խոսել Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների սահմանման մասին: