Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն չի խոչընդոտի «թեկնածուին, որը կանվանեն ժողովրդի թեկնածու»


Ազգային ժողովում մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի խորհրդարանական մյուս երեք ուժերի միասնական թեկնածուի ընտրությանը:

«Եթե Ազգային ժողովի 3 քաղաքական ուժերը կունենան միասնական թեկնածու՝անուն չի նշվում, մենք որևէ խոչընդոտ չենք հանդիսանա թեկնածուին, որը կանվանեն ժողովրդի թեկնածու: Մենք խոչընդոտ չենք հանդիսանա», - լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Լրագրողի ճշտող հարցին՝ այսինքն քվորում կապահովե՞ն, Բաղդասարյանը պատասխանեց՝ «այո»:

«Եվ նաև մենք կոչ ենք արել և առաջարկել ենք, որպեսզի ժողովրդի հանգիստը չխանգարվի, դադարեցնել այս ճանապարհների փակումը, միտինգները, որպեսզի մենք կանոնակարգված գնանք ամսի 1-ին ընտրությունների: Դա եղել է մեր պայմանավորվածությունը», - հավելեց Վահրամ Բաղդասարյանը:

Խորհրդարանը մայիսի 1-ին նշանակված հատուկ նիստում նոր վարչապետ է ընտրելու: Նիկոլ Փաշինյանը հանրահավաքներում իր ելույթներում թե՛ ինքն է կոչ անում խորհրդարանական մեծամասնության՝ Հանրապետական խմբակցության պատգամավորներին և թե՛ հորդորում է ճնշում գործադրել նրանց վրա, որպեսզի նրանք ձայն տան, իր բնորոշմամբ, ժողովրդի՝ ցուցարարների աջակցությունը վայելող թեկնածուի օգտին:

Սերժ Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց ապրիլի 23-ին՝ ընտրվելուց և նշանակվելուց մի քանի օր անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG