Մատչելիության հղումներ

ՀՀԿ֊ն թեկնածու չի առաջադրի՝ առճակատումից խուսափելու համար. Շարմազանով


ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասուլիսի ժամանակ, արխիվ
ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասուլիսի ժամանակ, արխիվ

Իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ հայտարարեց, որ առճակատումից խուսափելու համար իրենց կուսակցությունը որոշում է կայացրել չառաջադրել վարչապետի թեկնածու մայիսի 1-ին կայանալիք ընտրություններին։

Շարմազանովը ասուլիսի ժամանակ հրապարակեց Հանրապետականի որոշումը․ - «Այսօր Հայաստանի Հանրապետական խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի հետ: Օրակարգում եղել է մեկ հարց՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և Հայաստանի հանրապետական կուսակցության մասնակցությունը մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին: Հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը մշտապես նշում է, որ մեզ համար ամենաառաջնայինը պետության շահն է, Հայրենիքի շահն է, Հայաստանի և Արցախի անվտանգությունն է, ներքին կայունությունը: Առաջնորդվելով այդ մարտահրավերներով և այդ առաջնահերթություններով՝ Հանրապետական կուսակցությունը այսօր որոշել է՝ ա) Հայաստանի Հանրապետական խմբակցությունը Հայաստանի Հանրապետության թեկնածու չի առաջադրելու, և բ) Հայաստանի Հանրապետական խմբակցությունը կքննարկի բոլոր թեկնածուներին, բոլոր թեկնածուների ծրագրերը և մինչև քվեարկությունը միասին կներկայացնի իր որոշումը: Այսքանը»:

«Ազատություն»․ - Ինչո՞ւ է նման որոշում, ի վերջո, կայացվել, ինչո՞ւ չեք առաջադրում ձեր թեկնածուին: Ի վերջո, ունեք մեծամասնություն խորհրդարանում: Ի՞նչ է փոխվել:

Էդուարդ Շարմազանով․ - Փոխվել է քաղաքական իրավիճակը, էսօր Հայաստանում ներքաղաքական ճգնաժամ է՝ հայտնի իրադարձությունների պատճառով կամ հետևանքով, Հայաստանում նոր իրողություններ են, և մեկ անգամ չէ, որ մենք ասել ենք, որ մեզ համար առաջնայինը ոչ թե կուսակցության, այլ պետության շահն է: Մենք առաջնորդվում ենք «կուսակցությանս հետ, բայց ազգիս համար»․․․

«Ազատություն»․ - Իջևանում այսօր տեղի ունեցած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ են բանակցությունների, և պատրաստ է հանդիպել իշխող Հանրապետական խմբակցության բոլոր պատգամավորներին՝ միաժամանակ, մեկ սենյակում, նրանց հետ քննարկելու ստեղծված իրավիճակը, ներկայացնելու իրենց առաջարկները և նաև լսելու ձեր լուծումները: Դուք հնարավոր համարո՞ւմ եք այսօրինակ ձևաչափով հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, որի արդյունքում գուցե որոշեք արդեն սատարել, պաշտպանել նրա թեկնածությո՞ւնը, ի վերջո, ունեք արդեն որոշում՝ չառաջադրել Հանրապետականի թեկնածու:

Շարմազանով․ - Նախ, մենք մեր որոշումը, արդեն ասել եմ՝ մենք չենք առաջադրում: Ապագա զարգացումների վերաբերյալ էսօր պատրաստ չեմ որևէ վերջնական պատասխան տալու, կքննարկենք՝ կտեսնենք:

«Ազատություն»․ - Իսկ այդ հանդիպումը հնարավոր համարո՞ւմ եք:

Շարմազանով․ - Կարևորը ոչ թե հանդիպումներն են, կարևորը արդյունքներն են:

«Ազատություն»․ - Քանի որ թեկնածու չեք ունենալու, կարո՞ղ ենք ասել, որ դուք քվեարկելու եք ազատորեն մայիսի 1-ին, հատկապես որ արդեն իսկ կան ձեր ներսում նման մտադրություններ, օրինակ՝ ինչպես Ձեր կուսակից, խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էր այսօր նշել, ինքը կոչ է անելու ներսում, որպեսզի միաձայն քվեարկեք Նիկոլ Փաշինյանի օգտին: Հնարավո՞ր է, որ չունեք թեկնածու՝ ազատորեն քվեարկելու իրավունք ստանան խմբակցության պատգամավորները Հանրապետական:

Շարմազանով․ - Նախ, պարոն Ֆարմանյանը մեկ այլ կարևոր բան է ասել, որ ինչ էլ լինի, ում էլ սատարենք մենք՝ կարևորը միասնությունն է խմբակցության: Մենք դեռ չգիտենք՝ այլ թեկնածու կա՞, թե՞ չկա, այլ թեկնածու կառաջադրվի՞, թե՞ չի առաջադրվի․․․

«Ազատություն»․ - Այլ թեկնածուներ՝ Փաշինյանի՞ց զատ:

Շարմազանով․ - Այո, քանի որ Փաշինյանը արդեն հայտարարել է, որ ինքը առաջադրվելու է, կամ գոնե իր խմբակցության ներկայացուցիչները: Մենք չգիտենք՝ քանի թեկնածու կլինի, ես դրա համար ասացի Ձեզ՝ մենք չենք առաջադրում թեկնածու, պատճառները շատ հստակ են, և մենք բաց ենք ու ասել ենք. ում կքվեարկենք՝ կապված է՝ ովքեր կլինեն թեկնածուները և ինչպիսի ծրագրերով հանդես կգան:

«Ազատություն»․ - Բայց վստահեցնում եք, որ միասնակա՞ն քվեարկություն է լինելու Հանրապետական խմբակցության կողմից, թե՞ հնարավոր են ազատ դրսևորումներ քվեարկության ընթացքում:

Շարմազանով․ - Գիտե՞ք ինչ կա, կա քաղաքական կարգապահություն կուսակցական, որը ենթադրում է, որ խմբակցությունը պետք է լինի միասնական: Բայց, միևնույն ժամանակ, Սահմանադրությամբ պատգամավորը կաշկանդված չէ իր մանդատով և իր քվեարկությամբ և քվեարկում է իր խղճին համապատասխան: Իհարկե, կուսակցական կարգապահությունը պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր խմբակցություն քվեարկի միասնական, բայց նորագույն Հայաստանի պատմության մեջ մենք բազմաթիվ ենք տեսել դեպքեր, երբ տարբեր մարդիկ տարբեր ձև են քվեարկում: Ես դրա համար չեմ ուզում հիմա որևէ մեկնաբանություններ անել, իմ կարծիքով՝ ճիշտը միասնական որոշման գալն է, որովհետև էդ որոշումը պետք է լինի ոչ թե վերևից իջեցրած հրահանգ, այլ պետք է լինի մեր բոլորիս քննարկումների արդյունքում: Մենք այս պահից կսկսենք քննարկումները մեր մեջ, իսկ խմբակցությունում դեռ ունենք ժամանակ՝ մինչև ամսի 30-ի ժամը 18:00-ը առաջադրումները կարող են լինել, և կարծում եմ՝ մինչև քվեարկության օրը կամ հենց քվեարկության օրվա ընթացքում խմբակցության ղեկավարը կհայտարարի, թե ինչպես ենք մենք քվեարկելու:

«Ազատություն»․ - Այսօր Ձեր կուսակից, արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը բավական ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով, որ, այո, ընդունում են իրենց սխալը հանրապետականները, որ քաղաքականությունը իրենց մենաշնորհն են դարձրել, և սրա արդյունքում նաև ունեցանք այսօրվա իրավիճակը: Դուք կիսո՞ւմ եք նրա այս մոտեցումը:

Շարմազանով․ - Անկեղծ ասեմ՝ ոչ, չեմ կիսում: Չեմ կիսում, որովհետև Հանրապետականի նախաձեռնած քաղաքական բարեփոխումների արդյունքում, Հանրապետականի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների արդյունքում այսօր ընդդիմությունը ավելի շատ իրավունքներ ունի, քան ունեցել է նախկինում, և հենց Հանրապետական կուսակցության քաղաքական կամքի, ժողովրդավարական չափանիշների արդյունքում է, որ որևէ համաժողովրդական ազատ խոսք չճնշվեց:

«Ազատություն»․ - Որոշումը, որ Հանրապետականը չի առաջադրում թեկնածու, ինչպե՞ս է կայացվել:

Շարմազանով․ - Քննարկման արդյունքում, կուսակցության նախագահի՝ մեր կուսակցության և՛ դե ֆակտո, և դե յուրե նախագահը պարոն Սերժ Սարգսյանն է, կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի, կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի և խմբակցության համատեղ հանդիպման արդյունքում, որտեղ շատերս ենք, ոչ բոլորը, բայց շատերն են իրենց կարծիքն արտահայտել:

«Ազատություն»․ - Ե՞րբ է եղել այդ հանդիպումը, այսօ՞ր:

Շարմազանով․ - Այսօր, այո, ասուլիսից ընդամենը մեկ ժամ առաջ:

«Ազատություն»․ - Եվ դա միասնակա՞ն որոշում է եղել:

Շարմազանով․ - Այո:

«Ազատություն»․ - Այլ կարծիքներ չե՞ն եղել:

Շարմազանով․ - Ոչ: Բոլորս ընդունել ենք, որ Հայաստանի համար հիմա ճիշտը սա է:

«Ազատություն»․ - Թեկնածու չառաջադրելով՝ դուք փորձում եք լարվածությունը մեղմե՞լ, թոթափե՞լ այդ լարվածությունը: Այն իրավիճակը, որ ստեղծվել է, թեկնածու չառաջադրելով ի վերջո կհանգուցալուծվի՞:

Շարմազանով․ - Թեկնածու չառաջադրելով մենք խուսափում ենք առճակատումից, թեկնածու չառաջադրելով մենք խուսափում ենք զոռբայությունից, թեկնածու չառաջադրելով մենք խուսափում ենք Հայաստանը բաժանել սև ու սպիտակի:

Խորհրդարանը մայիսի 1-ին նշանակված հատուկ նիստում նոր վարչապետ է ընտրելու: Նիկոլ Փաշինյանը հանրահավաքներում իր ելույթներում թե՛ ինքն է կոչ անում խորհրդարանական մեծամասնության՝ Հանրապետական խմբակցության պատգամավորներին և թե՛ հորդորում է ճնշում գործադրել նրանց վրա, որպեսզի նրանք ձայն տան, իր բնորոշմամբ, ժողովրդի՝ ցուցարարների աջակցությունը վայելող թեկնածուի օգտին:

Սերժ Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց ապրիլի 23-ին՝ ընտրվելուց և նշանակվելուց մի քանի օր անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG