Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 26-ի երեկոյան շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո շարունակում է խորհրդակցությունների շարքը ներքաղաքական լարվածությունը թուլացնելու և լուծումներ գտնելու նպատակով:
Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաև Հայաստանի երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար, ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանի հետ:
«Հանդիպումները կրում են կառուցողական բնույթ: Հանրապետության նախագահը հույս ունի, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի գտնել փոխընդունելի լուծում», - ասված է հաղորդագրությունում:
«Նախագահը ողջունում է Վեհափառ Հայրապետի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ: Նա միաժամանակ քաջալերում է բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և անհատների ջանքերը, որոնք ուղղված են ստեղծված իրավիճակում տրամաբանական և ողջամիտ հանգուցալուծման հասնելուն», - հաղորդում է նախագահականը:
Նշենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Նիկոլ Փաշինյանին ընդունել է այսօր առավոտյան: