Մատչելիության հղումներ

«Ոմանք՝ Կարեն Կարապետյանի և Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, խաղում են ընդամենը ժամանակի վրա»․ Փաշինյան


Կարեն Կարապետյանը չի կարող լինել վարչապետ, որովհետև այն երկիրը, որտեղ որևէ հանրապետական կարող էր լինել վարչապետ կամ նախագահ, այլևս գոյություն չունի, այսօր Գյումրիում հրավիրած հանրահավաքում հայտարարեց Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

«Սա ուրիշ Հայաստան է, սա հաղթանակած քաղաքացու Հայաստանն է», - հայտարարեց ընդդիմադիր առաջնորդը: - «Դեռ մնացել են մարդիկ, ովքեր ասում են՝ կտրուկ գործողությունների ժամանակն է, ժամանակ պետք չէ կորցնել և այլն: Բայց ես ուզում եմ ասել՝ այդ բոլոր կտրուկ գործողությունները վաղուց արդեն արված, ավարտված են: Այս պատմությունը վաղուց արդեն ավարտված է, սակայն ոմանք՝ Կարեն Կարապետյանի և Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, խաղում են ընդամենը ժամանակի վրա»:

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ ապրիլի 29-ից բողոքի գործողությունները սկսվելու են կրկնակի թափով ողջ երկրի տարածքում, իսկ մայիսի 1-ին, առավոտյան ժամը 08:00-ին «բոլորս հեղեղում ենք Երևան մայրաքաղաքի փողոցները և հրապարակները»:

Հիշեցնենք՝ Փաշինյանն այսօր ժամը 12:00-ին վարչապետի պաշտոնակատար, ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանին հրավիրել էր «Մարիոթ» հյուրանոց՝ սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը:

Սակայն այսօր առավոտյան վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը հայտարարեց, որ բանակցություններին մասնակցելը Կարեն Կարապետյանը համարում է «անհեռանկարային»։

Նշենք, որ մայիսի 1-ին վարչապետի ընտրության հարցով խորհրդարանի հատուկ նիստ կգումարվի:

Ստորև ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի ելույթը ամբողջությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG