Մատչելիության հղումներ

«Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները չեն հստակեցնում, թե արդյոք քվեարկելու են Փաշինյանի օգտին 


Եթե «Ծառուկյան» դաշինքն ու Դաշնակցությունը միաձայն քվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին, «Ելք»-ի 9 ձայնով հանդերձ, Փաշինյանին անհրաժեշտ կլինի ևս 6 ձայն:

Ազգային ժողովում 31 տեղ ունեցող «Ծառուկյան» խմբակցությունն ու 7 պատգամավորով ներկայացված Դաշնակցությունը այսօր էլ չհստակեցրեցին, թե արդյոք մայիսի 1-ին քվեարկելու են Նիկոլ Փաշինյանի օգտին:

Համաժողովրդական շարժման առաջնորդ Փաշինյանն այսօր հույս էր հայտնել, որ առաջիկայում խորհրդարանական այդ երկու խմբակցությունները կներկայացնեն քվեարկության հարցում իրենց դիրքորոշումը:

Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի փոխանցմամբ՝ վաղը սպասվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի հայտարարությունը։

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ԲՀԿ ներկայացուցիչներն ու պատգամավորները այս պահին մասնակցում են համաժողովրդական շարժմանը: Այսօր Երևանից Գյումրի մեկնողներ էլ են եղել, Շիրակի մարզի տարածքային կառույցի ներկայացուցիչները նույնպես, պատգամավորի ձևակերպմամբ, մասնակցում են ընդվզմանը։

Այնուհանդերձ, Էնֆիաջյանը նաև կարծիք է հայտնել, թե Գագիկ Ծառուկյանը վարչապետի շատ լավ թեկնածու է․ - «Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը Գագիկ Ծառուկյանն է, և «Ծառուկյան» խմբակցության ղեկավարը Գագիկ Ծառուկյանն է, ով մեր երկրի տնտեսական, սոցիալական խնդիրներին խորքային ծանոթ է և, բնականաբար, շատ լավ թեկնածու է․․․ Երբ որ կլինի կուսակցության բարձրագույն քաղաքական մարմնի՝ խորհրդի նիստը, մենք մեր որոշումով հանդես կգանք»:

Կարեն Կարապետյանի հետ չկայացած հանդիպումից հետո Փաշինյանին լրագրողներից մեկը հարց էր ուղղվել նաև Գագիկ Ծառուկյանին վարչապետի թեկնածու առաջադրելու հնարավորության մասին:

Փաշինյանը պատասխանել էր․ - «Ես կարծում եմ, տվյալ իրավիճակում ցանկացած քայլ կարժանանա ժողովրդի ճշգրիտ գնահատականին»:

Այսօր նոր նախաձեռնությամբ հանդես եկավ երկու օր առաջ կոալիցիան լքած Դաշնակցությունը՝ առաջարկելով մայիսի 1-ին սպասվող ԱԺ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ ձևավորել միասնական քաղաքական օրակարգ և համաձայնել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, ով պետք է «համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ և գործունեության ծրագիր»:

Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք կոնկրետ թեկնածուի նկատի ունե՞ն, երբ խոսում են ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի մասին, ասաց․ - «Մեր մոտեցումը հետևյալն է, որ մայիսի 1-ին ընդառաջ պետք է այդ համաձայնությունը կայացվի: Առանց համաձայնեցված մոտեցումների որևէ արդյունք չենք կարող ակնկալել Ազգային ժողովի նիստում»:

Իսկ հարցերին էլ, թե արդյոք Դաշնակցության կարծիքով՝ կա՞ ժողովրդի վստահությունը վայելող թեկնածու, կամ արդյոք Դաշնակցությունը կարծո՞ւմ է, որ այդ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է և արդյոք իրենք թեկնածու առաջարկելո՞ւ են, Համբարձումյանն արձագանքեց․ - «Քննարկումների ժամանակ մենք մեր մոտեցումների մասին կասենք: Մենք ունենք հստակ մեր պատկերացումը, մեր դիրքորոշումը, բայց նախընտրում են, որ քննարկման առարկա դառնա բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ: Մենք հավատացած ենք, որ ընդհանուր սեղանի շուրջ հավաքվելու և քննարկելու պարագայում լուծումն անպայման կգտնվի: Մենք ունենք հստակ մեր առաջարկությունների փաթեթը, մեր պատկերացրած ճանապարհային քարտեզը, և կարծում եմ, որ առարկայական քննարկման համար բավարար հիմքեր ունենք»:

Առաջադրման դեպքում, եթե «Ծառուկյան» դաշինքն ու Դաշնակցությունը միաձայն քվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին, «Ելք»-ի 9 ձայնով հանդերձ, Փաշինյանին անհրաժեշտ կլինի ևս 6 ձայն:

Ի պատասխան հարցին, թե արդյոք ՀՀԿ-ից իրեն միացողներ եղել են, Փաշինյանն այսօր ասել է, թե իր համար քաղաքականությունը հրապարակային գործընթաց է, ուստի եթե չկան հրապարակված անուններ, ուրեմն չկան և միացածներ: Նրա ձևակերպմամբ՝ խոսքը ոչ թե վարչապետի ընտրության կամ պաշտոնակռվի մասին է, այլ Հայաստանում ստեղծված ճգնաժամը լուծելու․ - «Հիմա հազար մարդ կարող է հազար բան ասել խորհրդապահական խողովակներով, բայց քանի դեռ դա գործ չի դարձել, ես որևէ բան չեմ կարող ասել: Ես հույս դնում եմ ժողովրդի դիրքորոշման վրա, որովհետև եթե լինի ժողովրդի զանգվածային ճնշում, այդ հանրապետականները պիտի հաշվի նստեն այդ իրողության հետ: Եթե չլինի դա, իհարկե, չի կարելի որևէ հույս դնել»:

XS
SM
MD
LG