Մատչելիության հղումներ

Ինչպե՞ս պետք է իշխանությունն ու ընդդիմությունն ուղիղ եթերում բանակցեն, երբ նայում են նաև Ալիևն ու Էրդողանը. Շարմազանով


Ո՛չ Հանրապետականը , ո՛չ Նիկոլ Փաշինյանը չպետք է դնեն նախապայմաններ, «Ազատության» հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանով՝ նշելով՝ իրենք բաց են ցանկացած քննարկման համար։

«Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ խնդիրների բացառապես երկխոսության, բաց օրակարգով, առանց նախապայմանների քննարկման կողմնակից ենք։ Երբ ասում ենք առանց նախապայմանների, նկատի ունենք որ ո՛չ Հանրապետականը՝ ի դեմս Կարեն Կարապետյանի, ո՛չ Նիկոլ Փաշինյանը՝ ի դեմս մեր սիրելի ցուցարարների, չպետք է դնեն նախապայմաններ, և չկա հարց, որը չպետք է քննարկվի։ Մենք բաց ենք ցանկացած հարցի քննարկման համար, մեզ համար փակ օրակարգ չկա։ Բայց ափսոսանքով պետք է նշեմ, որ մեր պառլամենտական գործընկեր Փաշինյանը ևս մեկ անգամ հանդես եկավ նախապայմանով, այս անգամ արդեն ուղիղ եթեր՝ տեսախցիկներով։ Ես կարծում եմ, որ դա ամենաարդյունավետ ճանապարհը չէ, եթե չասեմ, որ դա ամենաանարդյունավետ ճանապարհն է, որովհետև ես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է իշխանությունն ու ընդդիմությունն ուղիղ եթերով խոսեն Հայաստանի ապագայի, Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի, Հայաստանի արտաքին մարտահրավերների մասին, երբ որ մեզ նայում են ոչ միայն ցուցարարները, ոչ միայն իշխանությունն ու ընդդիմությունը, ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ոչ միայն սփյուռքահայությունն, այլ նաև ադրբեջանցիներն ու թուրքերը», - ասաց Շարմազանովը՝ շարունակելով. - «Դուք ինչպե՞ս եք պատկերացնում՝ ուղիղ եթերում գնում են բանակցություններ, հազար ու մի կարևոր հարցից պետք է խոսեն, և Ալիևն ու Էրդողանն ուղիղ եթերով նայում են։ Դուք դա նորմալ համարո՞ւմ եք, դա արդյունավետ համարո՞ւմ եք»։

Շարմազանովն ընդգծում է՝ Հայաստանի համար թիվ մեկ խնդիրն արտաքին մարտահրավերներն են և անվտանգությունը։

«Ես չեմ պատկերացնում որևէ իշխանություն և ընդդիմություն՝ թե՛ Հայաստանում, թե՛ որևէ այլ երկրում, բայց, մասնավորապես Հայաստանում, ուղիղ եթերում կգնա բանակցությունների, կքննարկի ամեն ինչ, երբ որ մենք ունենք բազմաթիվ խնդիրներ և առնվազն երկու հակառակորդ՝ ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի։ Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում բոլոր կողմերին, պահպանել սառնասրտություն, չդնել նախապայմաններ, և ամեն ինչը լուծել սահմանադրական ճանապարհով՝ օրենքների շրջանակներում»։

«Մ​ենք ուլտիմատումների, պարտադրանքների չենք գնալու»

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան, արխիվ
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան, արխիվ

​Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ բանակցությունները պետք է լինեն առանց լրատվամիջոցների՝ ազատ խոսակցության արդյունքում ինչպես բանակցեցին Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը։

«Հանրապետության նախագահին մենք կոչ ենք արել որպեսզի քաղաքական կոնսուլտացիաներ կազմակերպի։ Մենք բաց ենք բանակցություններում և ցանկացած օրակարգային հարց պատրաստ ենք քննարկելու։ Բայց մենք ուլտիմատումների, պարտադրանքների չենք գնալու, և նման բանակցություն համարված ֆորմատով մենք որևէ մեկ անգամ չեն գնալու», - ասաց Բաղդասարյանը։

«Ազատության» հարցին, թե հիմա ի՞նչ է լինելու, Փաշինյանն արդեն իր աջակիցներին կոչ է արել մայիսի 1-ին «հեղեղել փողոցները նաև Ազգային ժողովի շենքը շրջափակել», ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. - «Պետք է կլոր սեղանի շուրջ նստել։ Համբերեք տեսնենք, մենք գնում ենք սահմանադրական ճանապարհով, եթե դա է իր սահմանադրական ճանապարհը, թող ինքը վարվի այդպես»։

Ճշտող հարցին, թե այս ամենը չի՞ տանի բախումների, մտավախություն չկա՞, որ իրավիճակը կրկին կլարվի, Բաղդասարյանը պատասխանեց. - «Եթե մտավախություն չունենայինք, շուտ գնացած կլինեինք բախումների, մեր ամբողջ նպատակը նա է, որ բախումներ չլինեն»։

Մեկ այլ հարցի, թե հիմա հնարավո՞ր է, որ բանակցությունների երրորդ փորձը լինի, Բաղդասարյանը պատասխանեց. - «Մենք պատրաստ ենք, երբ որ բոլոր քաղաքական ուժերը կտան իրենց համաձայնությունը, մենք պատրաստ ենք բանակցությունների»։

Հիշեցնենք՝ Փաշինյանն այսօր ժամը 12:00-ին վարչապետի պաշտոնակատար, ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանին հրավիրել էր «Մարիոթ» հյուրանոց՝ սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը:

Սակայն այսօր առավոտյան վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը հայտարարեց, որ բանակցություններին մասնակցելը Կարեն Կարապետյանը համարում է «անհեռանկարային»։

«Բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել՝ չեն կարող համարվել բանակցություններ: Բացի այդ, Կարեն Կարապետյանը մնում է այն տեսակետին, որ լրատվամիջոցների առջև բանակցությունների անցկացումն արդեն իսկ ենթադրում է, որ բանակցությունների նպատակը որևէ արդյունք արձանագրելը չէ: Այդ իսկ պատճառով մասնակցել «բանակցությունների», որոնք լուծումներ գտնելու հավանականություն չունեն, վարչապետի պաշտոնակատարը համարում է անհեռանկարային», - ֆեյսբուքյան իր էջում հրապարակված հայտարարությունում ասել է վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը:

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր դիմելով հայաստանցիներին՝ կոչ արեց մայիսի 1-ին կրկին դուրս գալ փողոց։ «Ես կոչ եմ անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ մայիսի 1-ին, առավոտյան ժամը 8։00-ին լինել Երևանում, հեղեղել Երևանի փողոցները և հրապարակները, այդ թվում՝ Ազգային ժողովի հարկից փողոցները և հրապարակները», - հայտարարեց ընդդիմադիր գործիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG