«Հրաժարականից հետո օրենքով սահմանված կարգով ավագանին կնշանակի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը, և ավագանու խմբակցությունը կառաջադրի քաղաքապետի նոր թեկնածուին», - հավելել է Խաժակյանը:
Ընդդիմադիր մյուս՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը, հայտարարեց, թե այս քաղաքական հարթակում «խոսելու են միայն քաղաքական հիմնախնդիրներից»:
ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանը դժգոհեց՝ ասելով․ - «Հրապարակում նրանց ձայն չեն տալիս, մե՞նք ինչու տանք»:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Երկիր Ծիրանի»-ին հորդորեց չշեղվել օրակարգից․ - «Եթե դուք քաղաքական ելույթներ եք ունենում, խնդրեմ՝ նաև լիազորություններ ունեք, որ հրավիրեք մամուլի ասուլիս և ձեր խոսքը ասեք: Համոզված եմ, ներկաներին չի հետաքրքրում ձեր ելույթները: Եթե այլ հարթակներում ձեզ տեղ չենք տալիս ելույթ ունենալու, խնդրեմ, օգտվեք ձեր լիազորությունից»:
Երբ «Երկիր Ծիրանի»-ի խմբակցության երեք անդամները ողջ նիստի ընթացքում շարունակեցին իրենց քաղաքական ելույթները՝ քննադատելով Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունն ու բռնապետ համարելով նաև վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, Վատիկանում Հայաստանի դեսպան, նախկին նախագահի դստեր ամուսնու՝ Միքայել Մինասյանի եղբայր Գրիգոր Մինասյանը, ով ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ է, ամբիոնից դիմելով Փոստանջյանին ասաց․ - «Էլ հնարավոր չի լինելու, տիկին Փոստանջյան, հարգելի մեր գործընկերներ, էժանագին շոուներով, ակցիաներով, ջուր շփելով, գոռգոռոցով հաջողության հասնել: Ի դժբախտություն ձեզ, Նիկոլ Փաշինյանն է դարձել փաստորեն միակ ընդդիմադիր, ամենաակնհայտ լիդերը: Եվ Դուք նրան պարտվել եք, տիկին Փոստանջյան: Կա՛մ պետք է ընդունեք այդ իրականությունը և նոր մոտեցումներով հանդես գաք․․․ Կրկնվող ելույթները, մշտապես Արցախի խնդրին անդրադառնալը՝ բացարձակ տեղյակ չլինելով այդ խնդիրներին, սփյուռքի անընդհատ վկայակոչելը՝ բացարձակ չունենալով իրենց աջակցությունը: Դուք կորցրել եք իրականությունը, տիկին Փոստանջյան»:
«Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, արձագանքելով ՀՀԿ խմբակցության անդամի ելույթին, ասաց, որ Սերժ Սարգսյանի աընտանիքի անդամ Գրիգոր Մինասյանին դուր չի եկել այն, որ ինքը կոշտ քննադատության է ենթարկել երրորդ նախագահի անցած քաղաքական ուղին․ - «Իրենք փորձում են փրկել Սերժ Սարգսյանին պատասխանատվությունից, որը վերաբերում էր հայոց սուրբ հողերի առուվաճառքին: Եթե Սերժ Սարգսյանի նկատմամբ մենք չենք իրականացնելու քրեական հետապնդում, իր ընտանիքի այդ անդամների նկատմամբ, ովքեր ներգրավված են այս ապօրինությունների մեջ, ապա չենք կարող ասել, որ մենք հեղափոխություն ենք իրականացրել»:
Նիստը սկսվելուց առաջ, ՀՀԿ խմբակցության անդամ, կարատեիստ Գոռ Վարդանյանը, ով ամսիներ առաջ բազմաթիվ տեսախցիկների առջև հրելով դուրս էր շպրտում նիստերի դահլիճից «Երկիր Ծիրանի»-ի կանանցից մեկին՝ պաշտպանելով Տարոն Մարգարյանին, այսօր լրագրողներին պարզաբանեց, թե ինչու էր շնորհավորել հանրությանը Սերժ Սարգսյանի հրաժարականի կապակցությամբ․ - «Կիսել եմ ուրախությունը ժողովրդի հետ: Շնորհավորել եմ իրենց, որովհետև էս ժողովուրդը մեր ժողովուրդն է, մեր երեխաներն են, մեր քույրիկներն ու եղբայրներն են և մեր հասարակությունն է: Ի՞նչ վատ բան կա այդտեղ․․․ Ես ուրախությունը կիսել եմ այդ ցուցարարների, երիտասարդական շարժման ներկայացուցիչների հետ»:
Դիտարկմանը, թե շարժումն ընդդեմ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի է, Վարդանյանն արձագանքեց․ - «Ես ավելի մեծ շնորհակալություն հայտնեցի վարչապետին, որ հրաժարական տվեց, որովհետև ինքը չգնաց ծայրահեղ քայլերի»:
Ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, Երևանի կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, թե ուրախ է այս հաղթանակով:
«Ազատության» հարցին՝ Դուք ՀՀԿ-ին մերժո՞ւմ եք, Երնջակյանն արձագանքեց․ - «Դուք ուզում եք իմանալ ի՞մ կարծիքը: Դա իմ անձնական կարծիքն է, ես չեմ ուզում ձեր հետ կիսվեմ այդ հարցով»:
Նիստի ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հակարարեց, որ հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին հանրահավաքի ընթացքում վնասված քաղաքային գույքը վերանորոգել ու վերադարձնել իրենց տեղերը: