Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը հայտնում է Արմեն Սարգսյանի հետ հանդիպման մասին


Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը հանրահավաքի ժամանակ, Երևան, 21-ը ապրիլի, 2018թ․
Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը հանրահավաքի ժամանակ, Երևան, 21-ը ապրիլի, 2018թ․

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ հինգշաբթի երեկոյան հանդիպել է երկրի նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

«Երեկ երեկոյան հանդիպում եմ ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը և լուծման հնարավոր ուղիները», - Ֆեյսբուքում գրել է Փաշինյանը՝ որպես հետգրություն ավելացնելով․ - «Պարոն Սարգսյանը իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին»։

Նախագահականը հանդիպման մասին առայժմ հաղորդագրություն չի հրապարակել:

Հիշեցնենք, որ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ նախագահ կարող է ընտրվել վերջին վեց տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող անձը: Նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի առաջադրման փուլում մամուլում հրապարակվել էին բրիտանական ընկերությունների ռեգիստրից վերցված տվյալներ, համաձայն որոնց՝ նա 2014 թվականին դեռ եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Ինքը Սարգսյանը վստահեցնում էր, որ իր քաղաքացիության հետ կապված որևէ խնդիր չկա, քանի որ Միացյալ Թագավորության քաղաքացիությունից հրաժարվել է դեռևս 2011 թվականին:

Վերջին շրջանի բողոքի ակցիաների ժամանակ Նիկոլ Փաշինյանը որպես Արմեն Սարգսյանի հետ բանակցելու, երկխոսելու պայման պահանջում էր ներկայացնել նրա՝ վերջին առնվազն վեց տարում միայն Հայաստանի քաղաքացի լինելն ապացուցող փաստաթղթերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG