Մատչելիության հղումներ

Փաշինյանը ՀՀԿ որոշումն ընդունում է ի գիտություն և Կարեն Կարապետյանին հրավիրում բանակցությունների


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող Նիկոլ Փաշինյանը ապրիլի 27-ին, ժամը 12:00-ին վարչապետի պաշտոնակատար, ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանին հարվիրում է «Մարիոթ» հյուրանոց՝ սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը:

«Բանակցությունների նախորդ փուլը ձախողվեց հետևյալ պատճառով․ երբ ես պատրաստվում էի հանդիպել Կարեն Կարապետյանի հետ, կային հանրապետականներ, ովքեր ասում էին, որ Կարեն Կարապետյանը չի ներկայացնում իրենց: Երեկ իրենք կուսակցական ժողով են արել Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, և ի վերջո եկել են ընդհանուր հայտարարի, որ պետք է Կարեն Կարապետյանին լիազորեն, որպեսզի բանակցի», - մանրամասնեց Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ի այդ որոշումը ընդունում են ի գիտություն:

«Ինչպես և նախկինում, պատրաստակամություն ենք հայտնում շարունակել բանակցային գործընթացը մեր առաջարկած օրակարգի շրջանակներում և ես վաղը ժամը 12:00-ին Կարեն Կարապետյանին հրավիրում եմ «Մարիոթ» հյուրանոց՝ սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը», - շարունակեց Փաշինյանը:

Ընդդիմադիր գործիչը ընդգծեց, որ բանակցությունների համար ունի մեկ կոնկրետ պայման՝ այն պետք է տեղի ունենա լրագրողների մասնակցությամբ՝ «որպեսզի հանրություն տեղյակ լինի, թե ինչ ենք քննարկում»:

«Մենք Հանրապետականի հետ փակ դռների հետևում չենք բանակցելու, մենք բանակցելու ենք ժողովրդի աչքի առաջ, որովհետև մենք հայտարարում ենք, որ ժողովուրդը իշխանություն է, ժողովուրդը մեր ղեկավարն է, ժողովուրդը մեր շեֆն է և մենք մեր ղեկավարին պետք է հաշվետու լինենք մեր արած ամեն քայլի համար», - հավելեց նա:

Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, և հայտարարվեց, որ վարչապետի լիազորությունները ստանձնել է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:

Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում նախատեսված էին Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի բանակցությունները, որոնք, ըստ Փաշինյանի, պետք է վերաբերեին «իշխանության անցնցում փոխանցմանը»։ Ապրիլի լույս 25-ի գիշերը, սակայն, հայտնի դարձավ, որ բանակցությունները չեն կայանալու, Փաշինյանը հայտարարեց բողոքի անհնազանդության գործողությունները վերսկսելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG