Վարչապետ կլինի ընդդիմության թեկնածուն, թե Հանրապետական կուսակցության, այսպես թե այնպես որոշվելու է Ազգային ժողովի քվեարկությամբ, ասում է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Արմեն Մարտիրոսյանը՝ արձագանքելով վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարությանը, թե չգիտի որևէ երկիր, որի ժողովրդի թեկնածուն ընտրվում է հրապարակում։
«Ինչպես Կարեն Կարապետյանի դեպքում է վարչապետ նշանակվելու, նույնպես և Նիկոլ Փաշինյանի պարագայում: Բայց եթե Կարեն Կարապետյանը չունի հանրության գերակշիռ մեծամասնության աջակցությունը, Նիկոլ Փաշինյանը այս դեպքում ներկայացնում է հանրության գերակշիռ մեծամասնությունը և չի ասում՝ ես պետք է լինեմ, ասել է՝ ժողովրդի կողմից նշանակված անձը պետք է լինի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը: - «Ժողովուրդը իշխանության տերն է, մենք բոլորս դա գիտենք, աքսիոմատիկ ճշմարտություն է, սուվերեն է ինքը, և սուվերենը ասել է՝ ընդդիմությունից պետք է լինի, ոչ թե Հանրապետական կուսակցությունից, իսկ Կարեն Կարապետյանը Հանրապետական կուսակցությունից է՝ փոխնախագահն է կուսակցության»:
Փողոցում քաղաքացիները ձեռք չեն բարձրացնելու և ընտրեն վարչապետ, ասում է Արմեն Մարտիրոսյանը՝ ակնարկելով, որ վարչապետի պաշտոնակատարը փորձում է նման տպավորություն ստեղծել․ - «Կարեն Կարապետյանի խոսքերը այս դեպքում ընդամենը մանիպուլյացիա է, ոչ ավելին»:
Ակնհայտ է, որ Հանրապետական կուսակցությունն արդեն կորցրել է իշխանությունը, կարծում է ընդդիմադիր Մարտիրոսյանը։ Մինչև այս պահը Հայաստանը գրեթե առանց ցնցումների է առաջ շարժվել, և հարկավոր է նույն կերպ շարունակել, հավելում է «Ժառանգության» ղեկավարը․ - «Նույնիսկ եթե իրենք գնան արտահերթ ընտրությունների իրենց իշխանությամբ, միևնույնն է՝ իրենք կորցնելու են: Ուղղակի արդեն կարող է բախումներով կորցնեն, որը շատ վատ է՝ տեղերում բախումներ լինեն: Ակնհայտ է, որ այն քաղաքացին չէ, որը էր, ասենք, մինչև սրանից մեկ ամիս առաջ։ Արդեն քաղաքացի է, որը տեղում կարող է ինքնակազմակերպվել, դիմադրություն ցույց տալ, ընտրակեղծարարների դեմ պայքարել։ Էդ պայքարը արդեն կարող է, ցավոք սրտի, ուժային դառնալ»:
Աննախադեպ մարդաշատ հանրահավաքներից հետո, երբ հեռացավ արդեն նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը, ըստ Մարտիրոսյանի, հանրությունն այլևս չի հանդուրժի, որ ևս մեկ ընտրություն կազմակերպվի և անցկացվի Հանրապետական կուսակցության վերահսկողության ներքո․ - «Դա շատ ավելի մեծ պայթյուն կարող է առաջացնել և մենք չգիտենք այս դեպքում ինչպիսի գործընթացներ տեղի կունենան և շատ վտանգավոր գործընթացներ»:
Ընդդիմադիր Մարտիրոսյանի կարծիքով՝ հրապարակ դուրս եկած քաղաքացիների պահանջը պարզ է, և դա պետք է ընկալել ոչ թե որպես պատգամավոր Նիկոլ Փաշինյանի պահանջ, այլ Հայաստանի քաղաքացիների։ Ըստ Մարտիոսյանի՝ քննարկել, թե ինչ օրակարգով պետք է Հանրապետականը բանակցի ընդդիմադիրների հետ արդեն ավելորդ է, քանի որ օրևակարգը թելադրել են հազարավոր քաղաքացիները. ֊ «Նիկոլ Փաշինյանը բացարձակ որևէ օրակարգի շուրջ չի կարող քննարկում իրականացնել, բացի այն, ինչ ժողովուրդը իրեն լիազորել է»։
Դեռ ապրիլի սկզբից «Ժառանգություն» կուսակցությունը մասնակցել է բողոքի երթերի ու հանրահավաքների «Քաղաքացիական պայմանագրի» և մյուս նախաձեռնությունների կողքին։ ֊ «Չենք երևում հարթակում, բայց մեր գործն անում ենք»,֊ ամփոփեց Արմեն Մարտիրոսյանը։