Մատչելիության հղումներ

Վարչապետի ընտրության հարցը Ազգային ժողովը քննարկելու է մայիսի 1-ին


Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը ապրիլի 30-ն է։

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր տեղեկացրել է, որ վարչապետի ընտրության հարցով խորհրդարանի հատուկ նիստը տեղի կունենա հաջորդ երեքշաբթի՝ մայիսի 1-ին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն, վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն բոլոր խմբակցությունները, կարող են նաև քաղաքական կոալիցիա կազմել այլ խմբակցության հետ և առաջադրել վարչապետի մեկ թեկնածու: Խորհրդարանական բոլոր խմբակցությունները պնդում են, որ թեկնածու դեռևս չեն առաջադրել։

Ամենագլխավոր հարցն այժմ հետևյալն է՝ խորհրդարանում մեծամասնություն ունեցող Հանրապետականը կհամաձայնի՞ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, թե՞ սեփական թեկնածուին կառաջադրի: Այդ հարցը, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով, բանակցությունների թեմա է։

Մեծությամբ երկրորդ՝ 31 հոգանոց «Ծառուկյան» խմբակցությունը ևս այս օրերին բանակցություններ է անցկացնում: Երեկ հանդիպել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը և «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Այսօր «Ազատության» հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ «բանակցությունների արդյունքում կլինի արժանապատիվ որոշում»․ - «Այս պահին ես չեմ կարող ավելին ասել բանակցությունների ընթացքի մասին: Մեկ բան կարող եմ ասել՝ որ «Ծառուկյան» դաշինքը անպայմանորեն իր որոշումը կայացնելիս հաշվի կառնի ժողովրդի ձայնը: Դրանում որևէ մեկը կարող է չկասկածել»:

Նա հույս և վստահություն հայտնեց, որ խմբակցությունը ազատ քվեարկելու որոշում չի կայացնի, ինչպես եղավ Սերժ Սարգսյանի ընտրության ժամանակ՝ փաստարկելով․ - «Որովհետև այստեղ կա նաև անհրաժեշտ ձայների խնդիր: Եկեք ևս մեկ-երկու օր սպասենք: Ի վերջո Սահմանադրությամբ մենք ժամանակի առումով կաշկանդված ենք»:

Իշխող կոալիցիայից դուրս գալու մասին Դաշնակցության հայտարարությանը այսօր հետևեցին դաշնակցական նախարարների պաշտոնակատարների և մարզպետների հրաժարականները: Կոալիցոն համաձայնությունների արդյունքում Դաշնակցությանն էր վերապահվել Տարածքային կառավարման, Կրթության և գիտության, Բնապահպանության նախարարների պորտֆելները, ինչպես նաև՝ Շիրակի և Արագածոտնի մարզպետների պաշտոնները:

ՀՅԴ-ն Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի խոսքով՝ քննարկումներ անցկացնելու համար այսօր կամ վաղը կհանդիպեն համաժողովրդական շարժման և Դաշնակցության ներկայացուցիչները: Ասաց՝ որևէ տարբերակ չեն բացառում՝ ինչպես Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը պաշտպանելը, այնպես էլ սեփական թեկնածուով հանդես գալը: Առաջադրման դեպքում, Համբարձումյանի խոսքով, կանխակալ մոտեցում չեն ունենա նաև ՀՀԿ թեկնածուի հարցում: «Խնդիրը ընդհանուր քաղաքական հայտարարի գալն է», - ասաց Համբարձումյանը:

Դաշնակցությունը մի շարք հարցեր ունի ճշտելու Փաշինյանի հետ: Պատրաստ չեն լինի նրան ձայն տալ, եթե իրենց բարձրացրած հարցերի շրջանակի վերաբերյալ Փաշինյանն ունենա այլ մոտեցումներ:

«Մեզ համար շատ կարևոր է, որ վարչապետի թեկնածուն խորհրդարանի կողմից առաջադրվի համախոհությամբ: Կարծում եմ, որ քաղաքական կոնսուլտացիաները պիտի գնան այս ուղղությամբ: Եթե հաջողություն չարձանագրվի, այդ պարագայում չի բացառվում, որ մայիսի 1-ին կայանալիք նիստի ժամանակ առաջադրվեն մի քանի թեկնածուներ: Իսկ արդեն այդ պարագայում չի բացառվում, որ առաջադրված թեկնածուներից որևէ մեկը, նկատի ունենալով նաև ուժերի հարաբերակցությունը և ստեղծված իրավիճակը, բավարար թվով ձայներ չհավաքի: Եվ այդ պարագայում կլինի երկրորդ փուլ վարչապետի ընտրության, որը ևս դժվար է կանխատեսել, թե ինչ զարգացում կունենա: Այսինքն՝ այդքան էլ միանշանակ չէ, որ ամսի 1-ին կամ 2-ին, եթե քաղաքական համաձայնություն չձևավորվի, մենք հանգուցալուծում կունենանք»:

Համբարձումյանը ծանոթ է շրջանառվող տեսակետներին, թե իրենք նաև պորտֆելների հետ կապված խնդիր են փորձում կարգավորել, և հավաստիացրեց, թե իրենց համար «ամենևին կարևոր չէ իշխանության մեջ լինել-չլինելու հարցը»․ - «Մեր համար կարևոր է, որ մեր տեսակետների, մեր մոտեցումների հետ օրվա իշխանությունները հաշվի նստեն»:

Ներկայացնելով կոալիցիայից Դաշնակցության դուրս գալու դրդապատճառները՝ Համբարձումյանն ասաց․ - «Հայաստանում իրականում ստեղծվել է ֆորսմաժորային իրավիճակ, և այս իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրելու հարցում պատասխանատու են բոլոր դերակատար քաղաքական ուժերը: Եվ մեր պատկերացմամբ, կոալիցիայից դուրս գալու քայլը կարող է նպաստել մեր գործողությունների ազատության տեսանկյունից, և կարծում ենք, այն առաքելությունը, որ մեքն ստանձնել ենք՝ բանակցային հարթակ ձևավորելու, կարող ենք այս կարգավիճակով ավելի արդյունավետ իրականացնենք, որպեսզի կարողանանք ճիշտ ելքեր գտնենք իրավիճակը հանգուցալուծելու համար»:

Ինչպես «Ազատությանը» տեղեկացրել էր «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյանի թեկնածության առաջադրման համար պատրաստ են բոլոր փաստաթղթերը:

Փաշինյանը ասել է, որ ինքը դեմ չէ լինել «Ելքի» կողմից առաջադրված թեկնածուն: Այդուհանդերձ երեկ կարծիք էր հայտնել, թե վարչապետը պետք է ընտրվի Ազգային ժողովում, օրենքի համապատասխան առաջադրվելով խմբակցությունների կողմից, իսկ ժողովուրդը հրապարակում մինչ այդ պետք է համաձայնություն տա թեկնածուին։

Երեկ Փաշինյանի կուսակիցներից Ռուբեն Ռուբինյանը ասաց, որ լիազորված է հայտարարել՝ ժողովրդի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG