Էդվարդ Նալբանդյանը այսօր Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, նրանք քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում:
Ավելի վաղ այսօր Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը ասել էր՝ Կրեմլը ակնկալում է, որ իրավիճակը Հայաստանում մոտ ժամանակներս կկարգավորվի սահմանադրական ճանապարհով: Ինչ վերաբերում է Էդվարդ Նալբանդյանի բանակցություններին, Պեսկովն ասել էր, որ դրանք անցկացվելու են «կառավարության և արտգործնախարարության գծով»:
Երեկ երեկոյան Մոսկվա մեկնելու համար Նալբանդյանը եկել էր օդանավակայանի VIP սրահ, «Ազատության» հարցին, թե արդյոք նա հրաժարական է ներկայացնելու, արտգործնախարարի պաշտոնակատարը չպատասխանեց։
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավարության հետ:
Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, քննարկվել են երեք խումբ հարցեր, այդ թվում նաև մտքեր են փոխանակվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:
Այսօր առավոտյան «Ազատության» տեսախցիկը արձանագրել էր, որ Մոսկվա մեկնող Գևորգյանը օդանավակայան էր եկել առանց թիկնապահի: Ուղևորվեց միայնակ, բոլորի համար նախատեսված անցակետով, մինչդեռ պաշտոնյաները սովորաբար պաշտոնական պատվիրակությունների համար նախատեսված սրահով են մեկնում: «Ազատության» հարցին, թե ինչ նպատակով է մեկնում, նա չպատասխանեց։
Հայաստանում չէ նաև մյուս փոխվարչապետը՝ Վաչե Գաբրիելյանը։ Վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Արամ Արարատյանը ասաց, որ Գաբրիելյանը աշխատանքային այցով մեկնել էր ԱՄՆ և Կանադա, բայց արդեն վերադառնում է։
«Վաշինգտոնում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կողմից կազմակերպվող հանդիպումներին: Դրանից հետո պարոն Գաբրիելյանը մեկնել էր Կանադա, Կանադայում մեր դեսպանի հրավերով, և այնտեղ ևս ունեցել է հանդիպումներ», - մանրամասնեց Արարատյանը:
Ի դեպ, երեկ օդանավակայանի VIP սրահում մարդկանց հոսքը բավականին մեծ էր, արտերկիր են մեկնում Կառավարության և Հանրապետական կուսակցության որոշ անդամներ։ Առաջինը նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն էր։ Օդանավակայանի աշխատակիցները «Ազատությանը» պատմեցին, որ Մովսիսյանը պաշտոնական պատվիրակությունների համար նախատեսված VIP սրահով մեկնել է Սոչի։
Իրենց ընտանիքներին էին ճանապարհում դատախազներ, նրանցից մեկը, ըստ «Զվարթնոցի» աշխատակիցների, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Տիգրան Ամբարյանն էր։ Նշենք, որ ավելի ուշ Դատախազությունից «Ազատությանը» տեղեկացրին, որ Տիգրան Ամբարյանը օդանավակայանում է գտնվել ոչ թե իր ընտանիքի անդամներին, այլ իր հյուրերին ճանապարհելու նպատակով: - «Նրա ընտանիքը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է գտնվել Հայաստանում: Երկրորդ՝ Տիգրան Ամբարյանը ոչ թե Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազն է, ինչպես նշվում է ռեպորտաժում, այլ ՀՀ զինվորական դատախազի տեղակալը», - ասված է Դատախազությունից ստացված հերքող նամակում:
Այսօր առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում էր նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Նա հատկապես հայտնի է քաղաքական գործերի քննությամբ, իսկ 2010 թվականին էլ հենց այս դատավորը Նիկոլ Փաշինյանին 7 տարվա ազատազրկման էր դատապարտել։
Ի դեպ, վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Հանրապետական կուսակցության մի շարք անդամներ լքում են քաղաքական ուժը։ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը ասաց, որ անդամակցությունը դադարեցնելու մասին մեկ տասնյակից ավելի դիմումներ են ստացել․ - «12-13 հոգի, շարքային կուսակցականներ»:
Այսօր առավոտից սոցցանցերում տարածվում էր ինքնաթիռում գտնվող հհկ փոխնախագահ Արմեն Աշոտյանի լուսանկարը։ Օգտատերերը պնդում էին, որ նա նույնպես հեռանում է Հայաստանից։ Արմեն Աշոտյանը, մինչդեռ, ֆեյսբուքում գրել է, որ նկարները արվել են ապրիլի 23-ին, իսկ ինքը երկիրը չի լքել և չի էլ պատրաստվում լքել։