Մատչելիության հղումներ

Մայիսի 1-ին՝ ԱԺ հատուկ նիստ վարչապետի ընտրության հարցով


ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խորհրդարանի նիստի ժամանակ, արխիվ
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խորհրդարանի նիստի ժամանակ, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարում է մայիսի 1-ին խորհրդարանի հատուկ նիստ գումարելու մասին՝ վարչապետի ընտրության հարցով:

«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում», - ասված է Բաբլոյանի հայտարարությունում, որը հրապարակել է ԱԺ հանրային կապերի վարչությունը:

Ապրիլի 23-ին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, և հայտարարվեց, որ վարչապետի լիազորությունները ստանձնել է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:

Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում նախատեսված էին Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող՝ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի բանակցությունները, որոնք, ըստ Փաշինյանի, պետք է վերաբերեին «իշխանության անցնցում փոխանցմանը»։ Ապրիլի լույս 25-ի գիշերը, սակայն, հայտնի դարձավ, որ բանակցությունները չեն կայանալու, Փաշինյանը հայտարարեց բողոքի անհնազանդության գործողությունները վերսկսելու մասին:

Երեկ երեկոյան տեղի ունեցավ խորհրդարանական մեծամասնության՝ Հանրապետական խմբակցության անդամների հանդիպումը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայտարարելու, որ Հանրապետական խմբակցությունն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց», - ասված է հանդիպումից հետո խմբակցության տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG