Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող՝ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը գիշերը հաղորդել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման մասին:
«Հենց նոր հանդիպում ունեցա Գագիկ Ծառուկյանի հետ։ Քննարկեցինք ստեղծված ներքաղաքական վիճակը և հնարավոր լուծումները։ Քննարկումները կշարունակվեն», - կեսգիշերից մեկ-մեկուս ժամ անց Ֆեյսբուքում գրել է Փաշինյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Ծառուկյան» դաշինքը հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն առայժմ չեն տարածել:
Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, և հայտարարվեց, որ վարչապետի լիազորությունները ստանձնել է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:
Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում նախատեսված էին Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի բանակցությունները, որոնք, ըստ Փաշինյանի, պետք է վերաբերեին «իշխանության անցնցում փոխանցմանը»։ Ապրիլի լույս 25-ի գիշերը, սակայն, հայտնի դարձավ, որ բանակցությունները չեն կայանալու, Փաշինյանը հայտարարեց բողոքի անհնազանդության գործողությունները վերսկսելու մասին:
«Բարգավաճ Հայաստան»-ը իր բոլոր կուսակիցներին կոչ արեց «մոբիլիզացվել և դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին»: