Մատչելիության հղումներ

Էրեբունիում քաղաքացիների վրա դիմակավոր անձանց հարձակման փաստով քրգործը վարույթ է ընդունվել


Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում դիմակավորված անձանց կողմից քաղաքացիների վրա հարձակվելու և բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

«Ապրիլի 22-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Երևանի Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում երթ իրականացնելիս, դիմակավորված անձինք հարձակվել են իր և երթի մասնակից մի շարք քաղաքացիների վրա, քարերով, մահակներով և էլեկտրահարող սարքերով հարվածներ հասցրել, որի հետևանքով երթին մասնակից անձանցից մի քանիսն ստացել են մարմնական վնասվածքներ», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի («Զանգվածային անկարգություններ») 2-րդ մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Քրեական գործը քննիչի կողմից ընդունվել է վարույթ, կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ, հաղորդում է Քննչական կոմիտեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG