Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը գործընթացներին այլևս չի մասնակցում, իսկ ՀՀԿ-ն միակամ է. Վահրամ Բաղդասարյան


Վահրամ Բաղդասարյան, արխիվ
Վահրամ Բաղդասարյան, արխիվ

Այսօր տեղի է ունեցել Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նիստը։

Նիստից հետո խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է «Ազատություն» հարցերին։

Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև

«Ազատություն». - Ինչ որոշեցի՞ք, պարոն Բաղդասարյան, Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածու առաջադրելո՞ւ է և թեկնածուն լինելու է Հանրապետական կուսակցությունի՞ց։

Վահրամ Բաղդասարյան. - Մենք հիմա կոչով դիմել ենք հանրապետության նախագահին որպեսզի նա դիմի քաղաքական ուժերին՝ քաղաքական երկխոսության համար։ Քաղաքական երկխոսությունները կլինեն, մենք որոշում կկայացնենք։ Հանրապետական խմբակցությունը միասնական է, երբ որ որոշում կայացնենք, մենք դրա մասին կխոսենք։

«Ազատություն». - Դուք Ձեր թեկնածո՞ւն եք ունենալու, թե՞ հնարավոր է ժողովրդի թեկնածուն լինի։

Վահրամ Բաղդասարյան. - Չենք կարող ասել։ Իսկ ժողովրդի թեկնածուն դա հարաբերական հասկացություն է։ Մենք կշարժվենք Սահմանադրությունով, Սահմանադրության որևէ կետ չենք խախտելու։ Մնացածը կխոսենք հետո։

«Ազատություն». - Իսկ հնարավո՞ր է, որ Հանրապետական որոշ պատգամավորներ կողմ քվեարկեն վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։

Վահրամ Բաղդասարյան. - Հանրապետական խմբակցությունը միասնական է։

«Ազատություն». - Դուք բացառո՞ւմ եք, որ որոշ հանրապետականներ կլքեն ձեզ։

Վահրամ Բաղդասարյան. - Եթե նման բան լիներ, խմբակցության նիստում ազատ կարտահայտվեին։ Բոլորը միակամ են, Հանրապետական կուսակցությունը միասնական է։

«Ազատություն». - Սերժ Սարգսյանն ո՞ւմ որոշի, նրան էլ ՀՀԿ-ն կառաջադրի։

Վահրամ Բաղդասարյան. - Ո՛չ, Սերժ Սարգսյանը որևէ գործընթացի, որևէ որոշումների հետ կապ չունի։

«Ազատություն». - Բայց դուք խորհրդակցություն չե՞ք անցկացնում նրա հետ, պարոն Բաղդասարյան։

Վահրամ Բաղդասարյան. - Ինքը հրաժարականը տվել է և հրաժարականից հետո չի ցանկանում այս թեմաներին խառնվի, որովհետև կա պաշտոնակատար և վարչապետի պաշտոնակատարն ինքը հանրապետության նախագահի հետ արդեն իսկ որոշումներ է կայացնում։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանն ամբողջովին մեկուսացել է այս գործընթացներից, նա իր հրաժարականով ամեն ինչ ասեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG