Մատչելիության հղումներ

Մամուլի ազատության ցուցիչում Հայաստանը մեկ կետով նահանջել է


Աշխարհի քարտեզը՝ ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2018-ի Մամուլի ազատության ցուցիչի
Աշխարհի քարտեզը՝ ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2018-ի Մամուլի ազատության ցուցիչի

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2018 թվականի Մամուլի ազատության ցուցիչը: 180 երկրների ցանկում Հայաստանը 80-րդ տեղում է: Նախորդ տարվա համեմատ Հայաստանում մամուլի ազատությունը մեկ կետով նահանջել է՝ 2017-ին 79-րդ տեղում էր:

Հրապարակված ցանկում Հայաստանի հարևաններն են աֆրիկյան Սիերա Լեոնեն, հետխորհրդային Մոլդովան: Տարածաշրջանային հարևաններից Հայաստանից առաջ է Վրաստանը՝ 61-րդ տեղում․ նախորդ տարվա համեմատ այդ երկրում մամուլի ազատությունը երեք կետով առաջընթաց է ապրել:

Նշենք, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մեթոդաբանության համաձայն՝ երկիրը որքան շատ միավոր է հավաքում, այնքան՝ վատ, այնքան ցածր տեղ է գրավում:

Հայաստանի տարածաշրջանային հարևան մյուս երկրները շատ ավելի հետ են՝ Ռուսաստանը 148-րդն է, տեղաշարժ չկա՝ 2017-ին ևս նույն տեղում էր, Թուրքիան 157-րդ տեղում է՝ երկու կետով նահանջ նախորդ տարվա համեմատ, Ադրբեջանը 163-րդ հորիզոնականում է, ավելի ցածր՝ 164-րդ տեղում է Իրանը:

Ցանկի ամենավերջին՝ 176-180-րդ տեղերում են Չինաստանը, Սիրիան, Թուրքմենստանը, Էրիթրեան, Հյուսիսային Կորեան: Այդ երկրները մնացել են նախորդ տարվա դիրքերում:

Իսկ ամենաազատը մամուլը Սկանդինավյան երկրներում է՝ Նորվեգիայում, Շվեդիայում, որոնք նախորդ տարի ևս համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերում էին: Այնուհետև հաջորդում են Նիդերլանդները, Ֆինլանդիան, Շվեյցարիան, Ջամայկան:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մամուլի հաղորդագրությունում նշել է, որ եվրոպական տարածքում արձանագրված է տագնապալից մթնոլորտ՝ երկու լրագրողի սպանություն, որոնցից մեկը՝ Մալթայում, մյուսը՝ Սլովակիայում: Տեղի են ունեցել սպառնալիքներ հետաքննող լրագրողների նկատմամբ, բանավոր աննախադեպ հարձակումներ մամուլի վրա:

Հետխորհրդային երկրների և Թուրքիայի մասին լրագրողական միջազգային կազմակերպությունը գրում է, որ նրանք շարունակում են լինել աշխարհում մամուլի ազատության անկման առաջին տեղերում: Տարածաշրջանի երկրների երկու երրորդը ցանկի 150-րդ հորիզոնականի մոտ են կամ ավելի ցածր: Մասնավորապես բերվում է Ղրղըզստանի օրինակը, որը մեկ տարվա ընթացքում ամենամեծ անկումներից մեկն է գրանցել՝ միանգամից նահանջելով 9 կետով․ դա տեղի է ունեցել մամուլին հետապնդելու, ներառյալ՝ երկրի ղեկավարին վիրավորելու համար սահմանված աստղաբաշխական տուգանքների պատճառով: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը նշում է՝ զարմանալի չէ, որ նման հետընթացի պատճառով տարածաշրջանը մամուլի ազատության առումով մոտեցել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ցուցանիշներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG