«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ)՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հայտարարել էր, որ միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին և կանգնած է ժողովրդի կողքին, կոչ ենք անում մեր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում մոբիլիզացվել և դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին», - այսօր հայտարարել է ԲՀԿ քաղաքական խորհուրդը:
«Մենք մշտապես եղել և լինելու ենք մեր ազգի և հայրենակիցների կողքին», - ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին հայտարարեց վարչապետի պաշտոնից իր հրաժարականի մասին: Դրանից րոպեներ առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը հայտարարեցին, որ «միանում են Հայաստանում և աշխարհասփյուռ հայության շրջանում ծավալված համաժողովրդական շարժմանը»:
Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակման դեմ պայքարը գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է այսօր բողոքի անհնազանդության գործողությունները վերսկսելու մասին: