Մատչելիության հղումներ

Կարեն Կարապետյան. Տրամաբանական է, որ կուսակցություններն իրենք նստեն, որոշեն ինչպես առաջ շարժվել՝ օրենքի սահմաններում


Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ստեղծված իրավիճակից դուրս գալու տրամաբանական լուծում է համարում Սահմանադրության, օրենքի սահմաններում, խաղի հավասար պայմաններում քաղաքական ուժերի համատեղ քննարկումներ սկսելը։

«Կարծում եմ, որ տրամաբանական լուծումը նա է, որ քաղաքական կուսակցությունները մեր Սահմանադրությամբ, օրենքի սահմաններում նստեն, քննարկեն, եթե իրենք որոշեն, որ արտակարգ ընտրությունների անհրաժեշտություն կա, որոշեն այն ժամկետները, որոնք որ ուզում են, որպեսզի պատրաստվեն, ու որպեսզի բոլորը լինեն հավասար խաղի կանոններում, այսինքն՝ իրենք որոշեն, ըստ դրա շարժվենք առաջ», - այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Կարապետյանը։

Վարչապետի պաշտոնակատարը նշեց՝ այսպես շարունակելով Հայաստանը տնտեսական խնդիրներ է ունենալու։

«Եթե այսպես շարունակենք, ունենալու ենք տնտեսական պրոբլեմներ՝ զբոսաշրջիկները չեն գալիս, ինվեստորները վերադառնում են, մենք ունենք զորակոչ, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, ապագայում վիճակը մեր երկրին օգուտ չի կարող տալ։ Ես խնդրում եմ մեր բոլոր քաղաքացիներին՝ տատիկներին, պապիկներին, ծնողներին, երեխաներին, ուսանողներին՝ մաքսիմալ սթափ մտածել՝ ի՞նչ ենք մենք ուզում։ Ես շատ եմ գնահատում մեր քաղաքացիների կամքը, կարծիքը և դժգոհությունը, ըստ դրա մենք բավականին արձագանք տվել ենք, բավարարվել են կետեր, մենք հայտարարում ենք քաղաքացիական օրակարգ, մենք հայտարարում ենք, որ քաղաքական ուժերը նստելու են, խոսելու են, թողնենք՝ թող քաղաքական ուժերը նստեն, պայմանավորվեն, մեկս մյուսի վրա չճնշենք։ Այս էր իմ անհանգստությունը, որ ես ուզում եմ հղել», - ասաց Կարեն Կարապետյանը:

«Ես ռեգուլյար ձեռս պուլսի վրա եմ պահում և տեսնում եմ, թե ինչքան է ընկնում զբոսաշրջությունը, ներդրողների հետաքրքրությունը, մենք գալու ենք մի վիճակի, որ տնտեսական էս վիճակը բարձրացնելը բավականին դժվար է լինելու», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG