Հայաստանում Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների դեսպանություններ հայտարարում են, որ Եվրոպական միությունն ի գիտություն է ընդունել վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը:
«Մենք մեծապես ողջունում ենք փոփոխությունների խաղաղ բնույթը, որին ականատես եղանք: Շարունակում է կարևոր մնալ ներկա իրավիճակի սահուն և խաղաղ լուծումը։ Վճռորոշ է մնում ազգային երկխոսությունը շահագրգիռ բոլոր քաղաքական կողմերի ներգրավվածությամբ»,- նշված է ապրիլի 24-ին տարածված հայտարարությունում։
Հայտարարությունում նաև ասված է. - «Հայ ժողովրդի պատմության այս կարևոր օրը, Եվրամիությունն ակնկալում է շարունակել աշխատանքը Հայաստանի հետ միասին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2018 թվականի ապրիլի 11-ին միաձայն վավերացված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին» համահունչ ԵՄ-Հայաստան հավակնոտ օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ՝ ժողովրդավարության կոնսոլիդացման, օրենքի գերակայության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև բարեկեցիկ և դիմակայուն սոցիալտնտեսական համակարգի զարգացման նպատակով»։