Մատչելիության հղումներ

Փաշինյան․ «Մենք կյանքի ենք կոչելու մեր բոլոր նպատակները»


«Թավշյա հեղափոխությունը շարունակվում է և մեր հեղափոխությունը հասնելու է իր բոլոր նախանշված նպատակներին», այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարը գլխավորող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնելով, որ իր գլխավորած «Իմ քայլը» շարժումը հռչակել էր 4 հիմնական նպատակ, Փաշինյանը փաստեց, որ առաջին նպատակը արդեն իսկ կյանքի է կոչվել:

«Ընդ որում, այդ նպատակի իրականացումը համարվում էր անհավանական մի բան, բազմաթիվ վերլուծաբաններ և քաղաքական գործիչներ վստահ էին, որ Սերժ Սարգսյանը հրաժարական չի տալու, բայց այժմ դա կայացած փաստ է՝ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել», - հիշեցրեց ընդդիմադիր առաջնորդը՝ շարունակելով․ - «Հետևաբար մյուս նպատակների իրականացումը մեզ համար ավելի հեշտ է լինելու, քան առաջինը, որովհետև բոլոր հայ վերլուծաբանները, լրատվամիջոցները, քաղաքական գործիչների մեծամասնությունը չէին հավատում, որ հնարավոր է ստիպել Սերժ Սարգսյանին հրաժարական տալ: Իսկ դա նշանակում է, որ մենք արդեն կյանքի ենք կոչել մեր ամենադժվար նպատակը, հետևաբար մենք կշարունակենք, մինչև մեր մյուս նպատակները ևս իրականություն կդառնան»:

Փաշինյանը մեկ անգամ ևս կրկնեց իրենց շարժման նպատակները՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը, որը արդեն իրականացվել է, վարչապետի պաշտոնում ժողովրդի թեկնածուի նշանակումը, ժամանակավոր կառավարության կազմումը և վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

«Եվ մենք կյանքի ենք կոչելու մեր բոլոր նպատակները», - հավաստիացրեց նա:

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հայտարարեց վարչապետի պաշտոնից իր հրաժարականի մասին, վարչապետի լիազորությունները ստանձնեց առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը:

Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը իր հրապարակած տեսանյութում հաստատել էր Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտնած տեղեկություններն այն մասին, որ ապրիլի 25-ին տեղի կունենան բանակցություններ իր և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ՝ «իշխանության անցնցում փոխանցման» շուրջ:

Ասուլիսի ընթացքում Փաշինյանն այս առնչությամբ, մասնավորապես, հայտարարեց․ - «Ես ուզում եմ ընդգծել, որ մենք չենք պատրաստվում բանակցել Կարեն Կարապետյանի հետ, մենք պատրաստվում ենք բանակցել ՀՀԿ-ի հետ որպես իշխող կուսակցություն: Մենք պնդում ենք, որ մեր բանակցություններին պետք է մասնակցի նաև վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը, Ազգային ժողովի խոսնակը և խորհրդարանական մեծամասնության ղեկավարը: Եվ եթե այդպես է, բանակցությունները տեղի կունենան, եթե ոչ, ապա իմաստ չկա առանձին անձանց հետ բանակցել»:

Երեկոյան Փաշինյանի տված ասուլիսից մոտ մեկ ժամ անց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ բանակցությունները չեն կայանա:

Վարչապետ դառնալու վերաբերյալ

Լրագրողներից մեկի խնդրանքով Փաշինյանը նաև անդրադարձավ հարցին, թե արդյո՞ք պատրաստ է դառնալ վարչապետ: - «Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ եթե ժողովուրդը դնի այդ պատասխանատվությունն ինձ վրա, իհարկե ես կընդունեմ այդ պատասխանատվությունը: Եվ ես հասկանում եմ, որ շատ մեծ է հավանականությունը, որ հենց այդպես էլ տեղի կունենա», - հայտարարեց ընդդիմադիր գործիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG